Դատավոր Դավիթ Գրիգորյանի քրգործը կարճվել է
ՀասարակությունԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի, նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը:
«Օրերս դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել: Հիմք է ընդունվել այն, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ապօրինի էր: Դատարանը գտել է նաև, որ մեղադրանքի անորոշության շրջանակում քրեական հետապնդումը անհապաղ ենթակա է դադարեցման»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ ԲԴԽ որոշմամբ՝ նրա լիազորությունները կասեցվել էին։ Նկատենք, որ Դավիթ Գրիգորյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և որոշում էր կայացրել ազատ արձակել Քոչարյանին՝ հիմք ընդունելով Արցախի երկու նախագահների անձնական երաշխավորությունը։