Համավարակի ժամանակ չեն կարող լինել քաղաքական «գույներ»՝ սև կամ սպիտակ
PoliticalՀանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն և առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել էր աշխատանքային աննախադեպ մի քննարկում, որին մասնակցեցին առողջապահության ներկա և նախկին նախարարները, ինչպես նաև՝ բուժկենտրոնների ղեկավարներ և բժիշկներ:
Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ պետք է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների և հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:
Մեկ հարկի տակ էին մարդիկ, ովքեր նույն՝ առողջապահության նախարարի պաշտոնն են զբաղեցրել տարբեր քաղաքական ղեկավարների ձևավորած կառավարությունում: Մասնավորապես՝ Արա Բաբլոյանը նախարար է եղել այն ժամանակ, երբ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ Արմեն Մուրադյանը նույն պաշտոնը զբաղեցնում էր արդեն Սերժ Սարգսյանի օրոք: Այսինքն՝ համավարակի ժամանակ չեն կարող լինել քաղաքական «գույներ»՝ սև կամ սպիտակ: Պատկերավոր ասած՝ այս դեպքում կա միայն մեկ գույն՝ մարդու առողջության «գույնը»:
Նախագահ Սարգսյանի աշխատանքային այս նախաձեռնությունը միակը չէ համավարակի դեմ ուղղված պայքարում: Համավարակի առաջին օրվանից սկսած պարբերաբար հեռավար զրույցներ է ունեցել իր գործընկերների՝ տարբեր երկրների նախագահների, այդ թվում՝ Իտալիայի, Իսրայելի նախագահների, Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի, Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի, ինչպես նաև՝ միջազգային կառույցների ղեկավարների հետ, տեղեկանալու, թե ինչպիսի գործողություններ են ձեռնարկվում, և դրանցից հատկապես որոնք են առավել արդյունավետ: Այս բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ առողջապահության նախարարությանը:
Ի դեպ, ամիսներ առաջ, երբ կորոնավիրուսի համավարակը նոր էր սկսել թափ հավաքել, նախագահական նստավայրից արված պաշտոնական մի լուսանկար մի պահ նույնիսկ դարձավ ավելի կարևոր թեմա, քան՝ կորոնավիրուսն էր: Նախագահ Սարգսյանն ընդունել էր Հայաստանում Չինաստանի դեսպանին: Առաջին հայացքից՝սովորական պաշտոնական հանդիպում: Ոչ սովորականն այն էր, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը Չինաստանի դեսպանը նստած էր նախագահից բավականին հեռու, և զրույցն ընթանում էր որոշակի հեռավորության վրա, որն այդ ժամանակ դեռ «սոցիալական հեռավորություն» չէր կոչվում:
Հանրապետության նախագահի ու դեսպանի հանդիպմանը, ինչպես նաև դրանից հետո նրանց նաև հեռավար զրույցներին հաջորդեց Չինաստանից Հայաստան հատուկ ինքնաթիռի ժամանումը: Այն մեր երկիր հասցրեց Չինաստանի աջակցությունը ՝ «Թող որ մեր ընկերությունը լինի Արարատ լեռից էլ բարձր և Յանցզի գետից էլ երկար» մակագրությամբ: Ինքնաթիռի բերած բժշկական պարագաների, դեղորայքի ու սարքավորումների մեջ առանձին նվեր-խմբաքանակ կար՝ հատուկ Հայաստանի նախագահի համար: Դրանց մեջ նաև դիմակներ կային, որոնցից օրեր առաջ նախագահի աշխատակազմը հատկացրեց նաև տարեցների և մանուկների խնամքի հաստատություններին...
Այդ ձևաչափով հանդիպումներ եղան նաև այլ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ԱՄԷ և Ճապոնիայի դեսպանների հետ: Իբրև արդյունք, մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև պայմանավորվածության արդյունքում արդեն ապրիլին հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երևան հասցվեցին բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար...:
Նախագահի այս նախաձեռնությունները չունեն սեփական անձի կարևորությունը շեշտելու միտում, այլ մատնանշում են խորհրդարանական կառավարման պայմաններում նախագահի ինստիտուտի դերակատարման կարևորությունը: Ըստ էության, նախագահի նախաձեռնությամբ տեղի ունենած վերջին հանդիպումն առողջապահական ոլորտի ներկա և նախկին պատասխանատուների հետ քայլ էր ոչ միայն առողջապահական, այլև՝ քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի տեսանկյունից: Այն ինչ-որ առումով օրինակ է և կոչ` ճիշտ գնահատելու ներկա իրավիճակը և գործել՝ առանց վարանելու և համախմբված: Այսօր կարևոր է ճիշտ և նպատակային օգտագործել եղած բոլոր ռեսուրսները և համատեղել բոլոր այն մարդկանց ջանքերը, որոնք ուզում են նպաստել պետության ամրությանը, հասարակության ֆիզիկական և հոգևոր առողջությանը, և պատրաստ են գործել հանուն Հայաստանի Հանրապետության ներկայի և ապագայի: