ՊԵԿ նախագահը՝ արտահանված ծխախոտների մաքսանենգ լինելու վերաբերյալ
ՔաղաքականՀայաստանից մաքսանենգ եղանակով ծխախոտի արտահանման հետ կապված բացի Միքայել Մինասյանի պնդումներից այլ որեւէ փաստարկ, որեւէ հիմնավորում առկա չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ ՊԵԿ-ը ներգրավված է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու գործարքներում, մասնավորապես, ՊԵԿ նախագահի տեղակալներից Շուշան Ներսիսյանը:
«Ավելին, ՊԵԿ-ը այլ պետությունների մաքսային մարմիններից կամ որեւէ այլ իրավապահ մարմիններից չի ստացել որեւէ պաշտոնական գրություն՝ արտահանված ծխախոտների մաքսանենգ լինելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է տիկին Ներսիսյանի կամ Փաշինյանների ընտանիքի նշված գործընթացում ներգրավված լինելուն, ես այդ տեղեկություններն ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ ու հիմնավորում ուղղակի չկա»,-ասաց նա: