Նախկին ոստիկանապետն ինքն իրեն զենքով և մեդալով է պարգևատրել
ОбществоԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հրաժարական տված ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնավարման կարճատև ընթացքում հասցրել է մի քանի անգամ պարգևատրել ինքն իրեն․ մեկ անգամ զենքով, մյուս դեպքում՝ «Սխրագործության համար» մեդալով։ Տեղեկությունը ճշտելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ քանի որ Արման Սարգսյանն արդեն նախկին պաշտոնյա է իրենք իրավասու չեն պատասխանել այդ հարցին։ «Քանզի տեղեկությունը չի վերաբերում ոստիկանության պաշտոնյայի, անձի ճիշտ կլինի տեղեկությունը հենց նրանից ճշտել»,- ասաց Ահարոնյանը։ Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Արման Սարգսյանի հետ, սակայն զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։ Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնում փոխարինեց Վալերիյ Օսիպյանին․ 2019 թ․ սեպտեմբերի 19-ին նշանակվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ապա՝ 2020 թ․ մարտի 19-ին՝ ոստիկանապետ։ Պաշտոնից ազատվեց հունիսի 8-ին։