Անհատ սպառողների համար գազի գինը չի բարձրանալու. Մհեր Գրիգորյան
ՀասարակությունԱնհատ սպառողների համար գազի գինը չի բարձրանալու առնվազն այս պահին: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Այդ իմաստով ես կարծում եմ, կան բավարար գործիքներ եւ գործիքակազմ, որ դա տեղի ունենա: Այն հաշվարկները եւ հրապարակումները, որոնք ես տեսել ու լսել եմ ԿԾԿՀ-ից, վկայում է այն մասին, որ անհատ սպառողների մասով գնի փոփոխություն չի լինի:
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ, ապա կարծում եմ, որ եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա կարծում եմ՝ որոշակի չափով այլ սպառողների համար ոչ էական թանկացման հավանականություն կա»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք չպե՞տք է քննարկել եւ վերանայել 2013-ի գազային համաձայնագրերը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ որեւէ մեկը չի զբաղվում պայմանագրերի խնդիրներով: Երբ ես խոսում եմ հարթակների եւ լուծումների մասին, դուք պետք է նաեւ զգաք, թե իրավական ուժ ունենալու ինչ որոշակիություն կարող է լինել, այսինքն` ինչ մակարդակի պայմանավորվածություններ եւ ինչ փաստաթուղթ պետք է լինի: