Պետք է ենթարկվես օրենքին. Արսեն Ջուլֆալակյանը՝ Ռոման Ամոյանին բերման ենթարկելու մասին
ՀասարակությունԲռնությունը շատ քննադատելի է, բայց այստեղ խնդիրը մեկն է, պետք է հասկանանք՝ արարքը համաչա՞փ էր, թե՞ ոչ ուժայինների կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արսեն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի մոտից հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին բերման ենթարկելու մասին:
«Անձնական եւ պաշտոնական էջերովս անդրադարձել էի այդ դեպքին։ Այդ պահին լրացուցիչ տեղեկություններ չունեի, հետագայում կապվեցի ընտանիքի անդամներից եղբոր որդու հետ։ Տեղեկացել եմ, որ ամեն ինչ հարթվել է, Ռոմանն ազատ է արձակվել։ Այս պահին ոչ մի խնդիր չկա աջակցության, օգնության անհրաժեշտության չկա»,- ասաց նա։
Ջուլֆալակյանը նշեց, որ չգիտի, թե ինչու էին բերման ենթարկել Ամոյանին:
«Դատում եմ զուտ այն կադրերից, ինչը տեսնում եմ։ Բռնությունը շատ քննադատելի է, բայց այստեղ խնդիրը մեկն է, պետք է հասկանանք՝ արարքը համաչա՞փ էր, թե՞ ոչ ուժայինների կողմից։ Կարծում եմ, որ դա համապատասխան մարմինները քննություն կանցկացնեն եւ կտեսնեն։ Պետք է հասկանանք, որ հայտնի թե ոչ հայտնի, անվանի թե ոչ անվանի, պետք է ենթարկվես օրենքին։ Եթե եղել է կարգադրություն ինչ-որ բաների, ինչը տեսագրությունում չկա, եթե կիրառվել է ուժ, ապա պետք է հասկանանք՝ եղե՞լ է անհրաժեշտություն, թե՞ ոչ»,- նշեց նա։