Գերբեռնված փոխադրում, առանց դիմակի ուղեւոր ու վարորդ. նոր խախտումներ՝ տրանսպորտում
ՀասարակությունՀՀ պարետի N 110 որոշման համաձայն՝ հունիսի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ լայնածավալ հսկողություն եւ մշտադիտարկումներ են իրականացրել Արմավիրի մարզում եւ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Վաղ առավոտից դիտարկվել են ավելի քան ինը տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ։
Կատարված ուսումնասիրությունների եւ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների խախտումների ու թերացումների տարաբնույթ դեպքեր։
Հայտնաբերվել են առավել կրկնվող հետեւյալ բնույթի խախտումներ՝ երթուղիներում ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում, առանց դիմակի ուղեւոր, առանց դիմակի վարորդ, կանգնած ուղեւոր։
Տաքսամոտորային ուղեւորափոխադրման համակարգում՝ վարորդի կողքին ուղեւորի նստեցում, առանց դիմակի ուղեւոր, առանց դիմակի վարորդ։
Հայտնաբերված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, իսկ մնացած թերությունների դեպքում տեղում իրականացվել են բացատրական եւ իրազեկման լայնածավալ աշխատանքներ։
Վերջին օրերին Տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքներով արձանագրվել է խախտումների թվաքանակի նվազում։
Խախտումները բացառելու կամ հնարավորինս նվազագույնին հասցնելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները եւ վերահսկողական աշխատանքները շարունակվում է հանրապետության ամբողջ տարածքում։