Շիրակի մարզում պտտահողմն ավերածություններ է արել գերեզմանոցում՝ տապալելով մեծ թվով կանգնեցված շիրմաքարեր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունիսի 20-ին, Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում պտտահողմի հետևանքով տեղի ունեցած ավերածություններից անմասն չի մնացել նաև գյուղի գերեզմանոցը։ SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ պտտահողմի հետևանքով կոտրվել և շուռ են եկել մեծ թվով կանգնեցված շիրմաքարեր։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Առավոտյան ժամը 11-ի սահմաններում Գեղանիստ գյուղի բնակիչներն ականատես էին եղել պտտահողմի (տորնադո)։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասել էին, որ պտտահողմն անսպասելի էր հայտնվել և այնքան ուժգին էր եղել, որ ոչ միայն տապալել էր գյուղի մի հատվածի պտղատու և ոչ պտղատու ծառերը, այլ նաև արմատախիլ արել դրանցից շատերը։ «Նույնիսկ տրակտոր է շուռ տվել, պոկել ու շպրտել բնակելի տների տանիքներ, կոտրել տների ապակիներ։ Տորնադոն փլուզել է գյուղի ծայրամասում գտնվող գերեզմանոցի պարիսպը։ Միակ լավ բանը այն է, որ, բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել»,-ասել էին նրանք։ Գյուղացիները՝ գյուղապետ Սենիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ ահազանգել էին Շիրակի մարզպետարան, որտեղից գյուղ էր ժամանել մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ մարզպետարանի այլ պատասխանատուների հետ։ Ժամանել էին նաև ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները։