Նախագահից պահանջում ենք չստորագրել Սահմանադրության պահանջների խախտմամբ ընդունվող նախագիծը
Քաղաքական«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Այսօր Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների բացակայությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, նախատեսելով նրա երկրորդ ընթերցումը անցկացնել 24 ժամվա ընթացքում։ Այսպիսի ընթացակարգը բացահայտ հակասում է ՀՀ Սահմանադրության 169 Հոդվածին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86 Հոդվածին, որով միարժեք նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պարտադիր ներկայացնել Սահմանադրական դատարան՝ հաստատելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։
Եթե, այնուամենայնիվ, սահմանադրության պահանջների խախտմաբ, տեղի ունենա երկրորդ ընթերցմամբ այս նախագծի ընդունումը, պահանջում ենք ՀՀ նախագահից՝ չստորագրել Սահմանադրության պահանջների խախտմամբ ընդունվող նախագիծը, և ուղարկել այն Սահմանադրական դատարան։ Նմանապես, նաև գնահատելով Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների բացակայությունը ԱԺ արտահերթ նիստից, հորդորում ենք նրանց համատեղել ուժերը, և դիմել ևս Սահմանադրական դատարան՝ ստուգելու այս նախագծի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։