Նրանք, ովքեր պատասխանատու են այս մշակութային բնաջնջման համար, տեղ չունեն Հայաստանի կառավարության կողքին. Խանջյան
BlogosphereԿանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ֆիրդուսի թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Մշակութային և ճարտարապետական պատմության ոչնչացման ճամբարնե՞ր Հայաստանում։ Մեր կորուստն է։
Նրանք, ովքեր պատասխանատու են այս մշակութային բնաջնջման համար, տեղ չունեն Հայաստանի այսօրվա կառավարության կողքին»,- գրել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ են մտցրել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում:
«Որոշվել է հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:
Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։
Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն»,- գրել էր Ավինյանը: