ԼՀԿ-ում դեռ որոշում չունեն՝ կստորագրե՞ն ՍԴ ուղարկվելիք դիմումը, թե՞ ոչ
ՔաղաքականԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ։ Արդյոք խմբակցությունը նոր որոշում ունի՞ և կա՞ն պատգամավորներ, որոնք արդեն ստորագրել են դիմումի տակ` պարզելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց «Լուսավոր Հայաստան» մամուլի խոսնակ Արեն Պետունցի հետ։ «Դեռ որոշում չկա, երբ ստորագրենք և մուտք անելու լինենք, այդ ժամանակ կհայտարարենք»,- նշեց նա: Հետաքրքրվեցինք՝ կա՞ն պատգամավորներ, որոնք ստորագրելու են, Պետունցն ասաց, որ մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններից ավել ոչինչ դեռ չունեն ասելու։
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սպասում է «Լուսավոր Հայաստան»-ի պատասխանին: Կմիանա՞ արդյոք ԼՀԿ-ն Սահմանադրական դատարան դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, առայժմ պարզ չէ: ԲՀԿ-ն մտադիր է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի կողմից օրեր առաջ ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ ԲՀԿ-ն ունի 25 պատգամավոր, իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար՝ առանց «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չի լինի։