Վահե Գրիգորյան անուն-ազգանունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում. նա դասալիք, գործալիք է
Political«Հայրենիք» կուսակցության անդամ, Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հեղափոխությունները բերում են դժբախտության, կործանում պետությունը։ «Հիմա համոզվում ենք, որ այդ կործանման թիրախ է ընտրվել Սահմանադրական դատարանը։ Մեր հասարակությունը պետք է անպայման միավորվի, համախմբվի, քանի որ միայն քաղաքացիական հասարակությունը կարող է զսպել իշխանությանը․ սա է ճանապարհը։ Մենք այս ճանապարհն ենք տեսնում, և դա է պատճառը, որ եկել ենք այստեղ մեր բարոյական ու քաղաքական աջակցությունը հայտնելու Սահմանադրական դատարանին»,- ասաց Սահակյանը։
Նա իր խոսքում նշեց, որ Սահմանադրական դատարանը բոլորինս է, ու պաշտպանել ՍԴ-ն՝ նշանակում է պաշտպանել մեր իրավունքները։ Լրագրողի հարցին, թե քաղաքացիական հասարակությունն ի՞նչ կերպ պիտի արձագանքի սրան, Արա Սահակյանը պատասխանեց․ «Դուք այդ հասարակության ամենաակտիվ, ամենաբանիմաց, ամենաեռանդուն սեկտորն եք։ Այն, որ դուք հետաքրքրված եք այս խնդրով և տարբեր մարդկանց տարբեր տեսակետներ հայտնելու հնարավորություն եք տալիս, օգնում եք, որ ժողովուրդը կողմնորոշվի, ապա դուք արդեն հսկայական աշխատանք եք կատարում»։
Արա Սահակյանը քաղաքացիական հասարակության արտահայտման միջոցներն անսահման է համարում։ «Մանկական խաղեր չի կարելի խաղալ պետության հետ։ Այն մի կողմից ուժեղ օրգանիզմ է, մյուս կողմից էլ շատ փխրուն է։ Երբ նա կորցնում է քաղաքացիների վստահությունը, հայտնվում է ավազե հիմքերի վրա։ Այսպիսի ճանապարհ է ընտրել այսօրվա գործադիր և օրենսդիր իշխանությունը։ Դրա դեմ ենք մենք պայքարում և շարունակելու ենք բոլոր ուժերով»։
«Հայրենիք» կուսակցության փոխնախագահը հայտարարեց, որ Վահե Գրիգորյան անուն-ազգանունով ՍԴ դատավոր չի ճանաչում։ Սահակյանը դատավորին համարեց դասալիք, գործալիք: Նա կարծում է՝ եթե բանվորը կամ ուսուցիչը մի քանի օր բացակայելուց հետո աշխատանքից ազատվում են, ապա Վահե Գրիգորյանի դեպքում այդպես չեղավ: