Հովիկ Աղազարյանի հայտարարությունը ցինիկ վերաբերմունք էր մեր մտավորականների հանդեպ․ Զոհրաբյան
ПолитическиеԳույքահարկի բարձրացում ենթադրող օրենքը բավականաչափ վտանգավոր եւ հատկապես սոցիալական լարվածության այս պիկի ժամանակ քաղաքացու դեմ ուղղված աննախադեպ քայլերից էր. սա մեծապես վնասելու է մեր հայրենակիցներին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, թե ճանաչում է բազմաթիվ անձանց, որոնք բնակարան ունեն Կենտրոնում, սակայն այժմ ապրում են թոշակով, եւ իրենց համար խնդիր է առաջանալու:
«Ես, իհարկե, լսել եմ «Իմ քայլը»-ից Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե՝ ով չի կարում, թող իր տունը ծախի, գնա ծայրամասերում ապրի: Ես սա համարում եմ ցինիկ վերաբերմունք բավականաչափ լուրջ վաստակ ունեցող մտավորականների հանդեպ, որոնք իրենց տները ժառանգել են իրենց ծնողներից եւ հիմա, չունենալով աշխատանք, ստիպված են լինելու բավականաչափ գումարներ վճարել»,-ասաց Զոհրաբյանը:
Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ եղան, որ «Իմ քայլի» երկու պատգամավորներ իմանալով, որ վարակված են կորոնավիրուսով, մասնակցել են հունիսի 22-ի նիստին, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Եթե դա համապատասխանում է իրականությանը, ես համարում եմ ուղղակի անբարո եւ ամոթալի քայլ»:
Հարցին, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակակիրներ կան նաեւ Գագիկ Ծառուկյանի ընտանիքում, Զոհրաբյանն ասաց, թե ինքն անձամբ նման տեղեկություններ չունի:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին եւ ԲՀԿ-ի կողմից կառավարության հրաժարականի պահանջին հաջորդած արձագանքներին՝ Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն շարունակելու է բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք համարում է մտահոգիչ՝ անկախ նրանից, թե իրենց դեմ ինչպիսի քաղաքական հաշվեհարդարներ կլինեն: