Հայտնի պարուհուն դատապարտել են 3 տարվա ազատազրկման՝ «անբարոյականություն» քարոզելու համար (տեսանյութ)
Видео2020 թվականի ապրիլին Եգիպտոսի իշխանությունը քրեական գործ հարուցեց պարուհի Սամա Էլ-Մասրիի նկատմամբ՝ «անկարգություն» և «անբարոյականություն» քարոզելու մեղադրանքով: Մի քանի ամիս անց դատարանը երեք տարվա ազատազրկման դատապարտեց նրան, ինչպես նաև նշանակեց 300 հազար եգիպտական ֆունտ տուգանք:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս տարվա սկզբում Եգիպտոսի կառավարությունը ձերբակալել է մի քանի համացանցային աստղերի, որոնց համարել են «անկարգ»: «Ինստագրամ» և «Տիկ Տոկ» սոցկայքերի ձերբակալված աստղերի թվում է եղել նաև պարուհի Սամա Էլ-Մասրին, ով այժմ երեք տարի կանցկացնի անազատության մեջ: Այնուամենայնիվ, պարուհին չի պատրաստվում առանց պայքարի հանձնվել: Նա հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել, որ դատարանում ցուցադրված կադրերը գողացել են իր բջջային հեռախոսից մեկ տարի առաջ և հրապարակել են առանց իր թույլտվության:
Պարբերականի հաղորդմամբ՝ Էլ-Մասրիին մեղադրել են իր սոցցանցային օգտահաշիվներն «անբարոյականություն» քարոզելու նպատակով օգտագործելու համար, որով էլ, ըստ մեղադրանքի, նա խախտել է ընտանեկան սկզբունքներն ու արժեքները:
«Ազատության և լկտիության միջև հսկայական տարբերություն կա», - ասել է պատգամավոր Ջոն Թալաթը, ով դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Էլ-Մասրիի և այլ բլոգերների:
Ցավոք, Էլ-Մասրին Եգիպտոսի կառավարության՝ «անբարոյականության» դեմ պայքարի միակ զոհը չէ:
2015 թվականին եգիպտոսաբնակ հայազգի պարուհի Սոֆինար Գրիգորյանը դատապարտվել էր վեց ամսվա ազատազրկման։ Հայուհուն մեղադրել էին ազգային խորհրդանիշն անարգելու մեջ, քանի որ նրա հագուստը հիշեցրել էր եգիպտական դրոշը։
Իսկ 2019 թվականի օգոստոսին Սոֆինարը քննադատվել էր իշխանության կողմից լողափում պարելու համար: