Ողջամիտ իրավաբաններն իշխանությունների համար ամենաատելի մարդիկ են․ Տարոն Սիմոնյան
Blogosphere«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ես հասկանում եմ, որ այսօր իրավաբանությանը և ողջախոհությանը պատերազմ է հայտարարած։
Բայց ... Պետք է կանգ առնել ... Բավական է։
Իմ որոշ իշխանական գործընկերներ որոշել են, որ Սահմանադրության 129֊րդ հոդվածը հնարավորություն է տալիս ԱԺ Նախագահին ստորագրել օրենքի նախագիծը՝ առանց սպասելու Հանրապետության Նախագահի կողմից ստորագրման կամ Սահմանադրական դատարան դիմելու քսանմեկօրյա ժամկետի լրանալուն։
Դրա համար, ըստ նրանց, բավարար է, որ Հանրապետության Նախագահը հայտարարի, որ չի ստորագրելու այն։
Հարկ եմ համարում կրկին անգամ հիշեցնել, որ՝
ժամկետների սահմանումը (և հատկապես Սահմանադրությամբ) անհրաժեշտ երաշխիքային պայմաններ են սահմանադրական մարմինների գործառույթների իրականացման համար՝ անկախ նրանից այդ նույն մարմինը մինչև ժամկետի սպառումը ինչ դիրքորոշում է հայտնում.
օրենք ստորագրելու և հրապարակելու ԱԺ Նախագահի իրավունքը ծագում է միայն այն ժամանակ, երբ Հանրապետության «նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները» (Սահմանադրություն, 129 հոդված, 3րդ մաս), այսինքն՝ երբ վերջինս 21-օրյա ընթացքում չի ստորագրում կամ չի դիմում ՍԴ (պարտադիր պայմաններ), այլ ոչ թե այն ժամանակ, երբ ինչ֊որ հայտարարություն է լինում.
պետական մարմինները, պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ (Սահմանադրություն, 6-րդ հոդված), որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ ԱԺ Նախագահ լիազորված չէ ստորագրել և հրապարակել օրենքը, եթե Հանրապետության Նախագահին տրամադրված 21-օրյա ժամկետը չի ավարտվել՝ անկախ նրանից, թե այդ ընթացքում ինչ հայտարարություն է լինում։
պաշտոնատար անձինք չեն կարող իրենք իրենց լիազորություն ավելացնել, եթե անգամ այդ ցանկությունը շատ մեծ է։
Հ.Գ. Հասկանում եմ նաև, որ հետհեղափոխական հասարակություններում ողջամիտ իրավաբաններն իշխանությունների համար ամենաատելի մարդիկ են, և այդ նույն իշխանություններն անընդհատ հիշում են Շեքսպիրի Հենրիխ VI֊ի խոսքերը. «Առաջին բանը, որ մենք պետք է անենք, բոլոր իրավաբաններին ոչնչացնելն է», բայց պատմությունը ցույց է տալիս, որ դա առնվազն ճիշտ ճանապարհ չէ»։