Գերմանիան 2007 թվականից ի վեր առաջին անգամ ստանձնել է ԵՄ նախագահությունը․ Eadaily
ԱշխարհԳերմանիան, 13 տարվա մեջ առաջին անգամ, հուլիսի 1-ից սկսում է ղեկավարել Եվրամիության խորհուրդը վեց ամիս ժամկետով՝ ԵՄ պատմության մեջ ամենաուժեղ տնտեսական ճգնաժամի պայմաններում, որը պայմանավորված է կորոնավիրուսային սահմանափակումներով։ ԵՄ նախագահությունը ներառում է աշխատանքային երկու ոլորտ՝ Եվրոպական հանձնաժողովի և Եվրախորհրդարանի ղեկավարությունը: Գերմանիայի կարգախոսն է «Միասին մենք Եվրոպան դարձյալ ուժեղ կդարձնենք»: Գերմանիայի նախագահության ծրագրի հիմնական առաջնահերթությունները բաժանված են վեց կետերի՝ Եվրոպայի պատասխանը կորոնավիրուսային պանդեմիային, ուժեղ և նորարար Եվրոպա, արդար Եվրոպա, կայուն Եվրոպա, անվտանգության և ընդհանուր արժեքների Եվրոպա, կենսունակ Եվրամիություն՝ գործընկերության և կանոնակարգված միջազգային կարգի համար: Այս կետերի կազմակերպումը ցույց է տալիս, որ Գերմանիայի ուշադրության կենտրոնում է լինելու Եվրոպայում համաճարակի դեմ պայքարը: Գերմանիան համարվում է Եվրամիության ինտեգրման և տնտեսական զարգացման «շարժիչը»: Ներկայիս ճգնաժամի պայմաններում Գերմանիան արդեն ցուցադրել է իր առաջնորդությունը միության մեջ՝ արդյունավետորեն հաղթահարելով համաճարակի առաջին ալիքը։