Պետությունը աջակցում է երեխա ունեցող ընտանիքներին, որ ունենան իրենց սեփական բնակարանը
Բլոգոսֆերա«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվելու է մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին և ուղղվելու է կանխավճարի ֆինանսավորմանը։ Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամն է, որն ավելացվում է շահառուի յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն. դրամով:
Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %-ը:
Մարզային բնակավայրերում ձեռքբերվող բնակարանի դեպքում՝ պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %-ի չափ, բայց ոչ ավելի, քան 1 մլն. դրամը: Յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա բնակարանի արժեքի ևս 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2 մլն դրամ։
Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելանում է 30 %-ով: Այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2,6 մլն դրամ։
Հիպոտեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում՝ պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման։
Քաղաքացին, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ»։