ՍԴ-ի կազմը կարող է Դենդրոպարկում էլ նիստ անել․ Հովհաննես Խուդոյան
Իրավունք«ՍԴ-ն շենք չէ, ՍԴ-ն կազմն է, որը կարող է Դենդրոպարկում էլ նիստ անել։ Թեև օրենքը նախատեսում է, որ ՍԴ անդամների գործունեության վայրը ՍԴ շենքն է, բայց անհրաժեշտության դեպքում նիստեր կարող են անցկացվել նաև այլ վայրերում։ Եթե կա խոչընդոտ, որպեսզի նիստ անցկացվի դատարանի շենքում, ապա այն կարող է անցկացվել ցանկացած այլ տեղում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ոստիկանության կողմից ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան խոչընդոտելուն:
Խոսելով ոստիկանության պարզաբանման մասին՝ ըստ որի ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել ՍԴ, փաստաբանը նշեց՝ քանի դեռ ՍԴ դատավորներին անվստահություն հայտնելու հարցը վերջնական չի լուծվել, ԱԺ-ն էլ գործողություններով ցույց է տվել, որ ամեն դեպքում անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխություններ անելու, մինչև հարցի վերջնական լուծումը, ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնար նման գործողություններից։
«Այս ձևով միջամտությունը քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների մեկնաբանություն կարող է ստանալ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների անցում կամ պաշտոնեական անփութություն՝ ընդհուպ մինչև արդարադատության իրականացումը խոչընդոտելը»,- նշեց փաստաբանը։
Սոնա Հարությունյան