Սիրիայի Դեր-Զորում հարձակվել են ԱՄՆ զինված ուժերի շարասյան վրա
WorldՍիրիական Դեր֊Զոր նահանգի Սաբհա բնակավայրում ԱՄՆ-ի ռազմական շարասյան ճանապարհի վրա պայթուցիկ սարք է աշխատել, հայտնում է սիրիական պետական հեռուստատեսությունն ու ռադիոընկերությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներին: «Ամերիկյան ռազմական ջոկատը պայթուցիկ սարքի միջոցով պայթեցվել է Դեր֊Զորի արևելյան Սաբհա բնակավայրում գտնվող վառելիքի կայանի մոտ», - գրում են սիրիական պաշտոնական լրատվամիջոցները: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նոյեմբերին ասել է, որ սիրիական տարածքները արտաքին օկուպացիայից ազատելու համար ժողովրդական դիմադրության ի հայտ գալն անխուսափելի է: Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել է 2011 թվականին։ Որոշ տեղանքներում շարունակվում են գրոհայինների հարձակումները: ԱՄՆ զինված ուժերը գտնվում են Ալ Հասակ և Դեր֊Զոր նահանգներում՝ առանց իրավական հիմնավորումների: Նրանք իրենց ուժերը կենտրոնացրել են նավթի և գազի խոշոր դաշտերում: Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկրում ամերիկյան զորախմբի առկայությունը խախտում է պետության ինքնիշխանությունը և միջազգային բոլոր կանոնները: Իր հերթին, Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին մայիսի սկզբին հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է վերականգնել երկրում նախքան 2011-ին սկսված հակամարտային իրավիճակը և, ի վերջո, դուրս կբերի բոլոր զինված ուժերը: