Եթե ջնջում ենք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսպառ վերացնում ենք ազգային դպրոցը․ Հայր Ասողիկ
Science and cultureԵկեղեցու պատմությունը՝ որպես առանձին առարկա դպրոցներից հանելու թեման առավել ակտիվ սկսվեց քննարկվել, երբ հայտարարեցին, որ ավարտվել է հանրակրթության չափորոշիչների մշակումը։ Սա այն եզակի թեմաներից է, երբ հասարակության մեծամասնությունը համակարծիք է՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան պետք է շարունակվի դասավանդվել որպես առանձին առարկա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց. «Մենք անկախության սերունդ ենք և տակավին կերտում ենք մեր ազատ, անկախ ու ինքնիշխան կյանքը: Ազատվել ենք խորհրդային աթեիզմից, անաստվածության բռնությունից: Այո՛, աթեիզմի տարիներին կառուցվեց ու շենացավ մեր հայրենին, ազգը մտավորապես զարգացում ապրեց կրթությամբ, գիտությամբ և բոլոր նվաճումներով, բայց հոգևորապես, մեծավմասամբ, սպանվեց, մեռցվեց։ Հավատքն ու հոգևոր կյանքն ամայացվեցին, բարոյական էությունը եղծվեց, ինչի արդյունքում էլ խորացան արատավոր երևույթները հայաստանյան մեր կյանքում»։
Ինչպես իր խոսքում նշեց Հայր Ասողիկը, այդ դառն իրականությունն աչքի առջև ունենալով՝ Հայոց եկեղեցին, համախորհուրդ պետության հետ, երկար քննարկումներից հետո հիմք դրեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը․ «Պետությունը շատ լավ գիտակցեց, որ այդ առարկայի միջոցով ազգապահպանության կարևոր հարցն էր լուծվում, եկեղեցու միջոցով բարոյապես կրթված քաղաքացիներ է ունենալու, ովքեր նոր աշխարհակարգում հավատարիմ պետք է մնային հայի ինքնությանն ու առաքելությանը։ Պետությունը՝ մայրենի լեզուն և հայոց պատմությունն ուսուցանելով, իսկ եկեղեցին իր առարկայով՝ պետք է ձևավորեին ապագա հային, ով ինքն իրեն հրաշալի ճանաչելով՝ պետք է պահպաներ ու հարստացներ իր ազգային ժառանգությունը և համերաշխությամբ ապրեր բազմազգ, այլակրոն տարածաշրջանում: Իսկ այդ ամենի համար կենսական անհրաժեշտություն է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, եթե մենք ջնջում ենք այդ առարկան, ապա պետք է ազնիվ լինել և խոստովանել, որ իսպառ վերացվում է ազգային դպրոցը»,- նշեց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Ըստ քահանայի՝ առանց այդ առարկայի, դպրոցից դուրս կգան անհոգի, բարոյապես խոցելի, հոգևորապես անգիտակից անհատներ, որոնք նույնիսկ օրինապահ քաղաքացիներ չեն կարող լինել, իսկ հոգևոր-բարոյական զսպանակից զուրկ անձերը պատրաստ են ամեն չարագործության, վատության, դավաճանության․ «Առարկան պե՛տք է մնա, մեր այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ խորտակելով այս կամուրջը՝ փլեցնում են հայ հոգևոր ողջ շինվածքը և սևացնում են առաջին քրիստոնյա պետության անունը: Իսկ ողջ քրիստոնյա աշխարհն ակնապիշ հետևում է Հայաստանին»,- ընդգծեց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Իմ հորդորն է մեր իշխանություններին, որ հանկարծ իրենց ուսերին դրված Տերունի խաչից չհրաժարվեն... Պարզապես թող կանգ առնեն և պահպանեն իրենց այս ազգային արժեքը: Հայոց Եկեղեցին միշտ պատրաստ է սիրով լսելու և գործակցելու իր հարազատ պետության հետ»,- եզրափակեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։