Գևորգ Պետրոսյանը չի կարող որոշել իմ մեծության կամ փոքրության չափը. Ավանի փոխթաղապետը՝ պատգամավորի հետ վիճաբանության մասին
SocietyՄեր միջև եղել է լեզվակռիվ, հանդիպել ենք, վիճաբանել, բայց բանը բռունցքներին չի հասել: Գևորգ Պետրոսյանը հասկացել է, որ ճիշտ չէ ընտանիքներին հայհոյելը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը՝ անդրադառնալով իր և ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը:
«Ես տեսել եմ ոչ պարկեշտ գրառում վարչապետի հասցեին, զանգահարել եմ Գևորգ Պետրոսյանին և հորդորել չանել նման գրառումներ: Հետո իմացա, որ իր աղջկան ու մայրիկին են հայհոյել, իսկ Գևորգ Պետրոյանին թվացել էր, որ վարչապետի ուղղորդմամբ է եղել, ես էլ հասկացրի՝ դա բացառվում է: Նա վարչապետին կոչ էր արել վերացնել ատելության մթնոլորտը՝ նշելով, որ ողջ հայհոյանքները գնում է Փաշինյանի տուն: Ես Գևորգ Պետրոսյանին ասացի՝ շատ վատ է, որ ինքը հայհոյում է վարչապետին»,- ասաց նա:
Պողոսյանը, պատասխանելով Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե` «Ավանի փոխթաղապետը շատ փոքր մարդ է իրեն դիտողություն անելու համար», նշեց. «Չի կարող Գևորգ Պետրոսյանը որոշել իմ մեծության կամ փոքրության չափը: Ինքը չի կարող որոշել ես կարամ իրեն զանգեմ, թե ոչ: Եթե խոսքը վերաբերվում է երկրի վարչապետին, որը օր ու գիշեր աշխատում է, Գևորգ Պետրոսյանը լինի, թե այլ անձ, չի կարող այդպես արտահայտվել: Ինքը մի անգամ ասել է, որ իրեն միայն Գագիկ Ծառուկյանը կարող է բան ասել, բայց չէ՝ շատ մարդիկ կարող են ասել, այլ հարց է ինքը կընդունի, թե ոչ»,- ասաց փոխթաղապետը:
Նրա խոսքով՝ ամեն դեպքում իրենց խոսակցությունից հետո եկել են եզրահանգման, որ շատ վատ է, երբ քաղաքական դրդապատճառներից ելնելով «մարդկանց ընտանիքներին են կպչում»: