Թրամփի ելույթի ժամանակ ցուցարարները վառել են ազգային դրոշը և իջեցրել Կոլումբոսի արձանը (տեսանյութ)
ՏեսանյութերՎաշինգտոնում ԱՄՆ Անկախության օրվա առթիվ նախագահի ելույթի ժամանակ ցուցարարները վառել են ամերիկյան դրոշը՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ, իսկ Բալտիմորում իջեցրել են Քրիստափոր Կոլումբոսի արձանը: Ըստ AP-ի՝ պարանների օգնությամբ մի խումբ մարդիկ իջեցրել են 1984 թվականին կառուցված հուշարձանը, այնուհետև այն նետել ծովը: Բողոքարարները կարծում են, որ ճանապարհորդը պատասխանատու է Ամերիկայում բնիկ ժողովուրդների ցեղասպանության և շահագործման համար: Նախկինում Կոլումբոսի արձանները վար են բերվել կամ ոչնչացվել նաև Մայամիում, Ռիչմոնդում, Սբ Պոլում և Բոստոնում: ԱՄՆ նախագահն իր խոսքում ասել է, որ ինքը թույլ չի տա զայրացած ամբոխին «տապալել արձանները, ջնջել երկրի պատմությունը և ոտնահարել սկզբունքները»: «Այժմ մենք գտնվում ենք ձախ ծայրահեղ արմատականներին, մարքսիստներին, անարխիստներին, թալանչիներին հաղթելու գործընթացում՝ այն մարդկանց, որոնք շատ դեպքերում բացարձակապես գաղափար չունեն՝ ինչ են անում», - ասել է Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, նա ստորագրել էր հրամանագիր, որով նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում հուշարձանները պղծելու համար: