ՀՀ գլխավոր դատախազը հյուրընկալվել է Արցախի գլխավոր դատախազությունում
ԻրավունքՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ:
ՀՀ գլխավոր դատախազը ողջունել է հայկական երկրորդ հանրապետության դատախազական համակարգի բարեփոխումների այն տեսլականն ու գաղափարները, որոնք ունի ԱՀ նոր գլխավոր դատախազը և որոնց շուրջ իրենք ունեցել են համատեղ քննարկումներ: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով ու հնարավորություններով նպաստել ԱՀ դատախազության կարողությունների զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը միտված բոլոր նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում դատախազության գործունեությանն անմիջականորեն առնչվող օրենսդրական դաշտերի, ինստիտուցիոնալ բարեփոխումների ներդաշնակության, միասնականության ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև փորձի փոխանակման ձևավորված կառուցակարգերի և ավանդույթների շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ դրանք նպաստում են հայկական երկու պետություններում իրավակարգի ամրապնդմանը, իրավական անվտանգության և քրեական վարույթի օրինականության երաշխավորմանը, հանցավորության դեմ համատեղ պայքարում իրավապահ մարմինների գործակցության արդյունավետության բարձրացմանը և իրենց բնօրրանում հայ ժողովրդի ազատ, ստեղծագործ ու հնարավորինս անվտանգ կենսագործունեությանը: