Պարո՛ն Փաշինյան, Նոր Հայաստանում ասում ենք՝ կերածդ անուշ լինի՞, հետ արի, որ էլի ուտե՞ս (տեսանյութ)
VideoԱյսօր Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում կրկին բողոքի ակցիա էր` ընդդեմ նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի: Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որով նախկին համայնքապետը պետք է վերականգնվի իր պաշտոնում, իսկ գյուղացիները դեմ են դրան:
Եղեգնուտցիները բարիկադներ էին սարքել ու փակել էին ճանապարհը: Նրանք իրենց պահանջի մեջ հստակ են՝ թույլ չեն տա, որ իրենց կամքին հակառակ որոշում կայացվի, և Ռազմիկ Մարգարյանը վերադառնա: Այնուամենայնիվ, բնակիչները ազատեցին տարածքը, սակայն համայնքապետարանի դուռը այդպես էլ չբացվեց: Մարզետարանից ոչ ոք չներկայացավ, սակայն փոխանցեցին, որ քննարկումներ են ընթանում:
ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողին հաջողվեց Արմավիրի մարզպետարանի մուտքի մոտ հանդիպել և թեմայի վերաբերյալ զրուցել համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի հետ: Ըստ նրա՝ ոչ մի խախտում չի եղել, բյուջեում 4 միլիարդ դրամ չի եղել. «Պարո՛ն Աշոտ, պարո՛ն Ռազմիկ, դուք եք կերել, ու ինչքան էլ ձեզ «ճղեք», դուք էլ պետք է վերադարձնեք»,-նշեց համայնքապետը:
Ռազմիկ Մարգարյանը նշում է, որ ոչ թե ինքն է թալանչին, այլ Ռազմիկ Մկրտչյանը, իսկ գյուղացիները, լավ կլինի, որ իրենց հողերի հարկերը վճարեն, որից հետո միայն պահանջներ ներկայացնեն:
ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Ռազմիկ Մարգարյանը մտադրություն չունի հանդիպել եղեգնուտցիների հետ, նա բացասական պատասխան տվեց. «Ես ցուցարար բնակիչների հետ հանդիպելու ցանկություն չունեմ, ես ուզում եմ հանդիպել կազմակերպչի՝ Ռազմիկ Մկրտչյանի հետ»:
Նշենք, որ Ռազմիկ Մարգարյանը չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից:
Արփինե Հակոբյան