Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
SocietyԲաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50․000 դրամ տուգանելու նախագիծը հանվել է շրջանառությունից։ Խիստ վիճահարույց այս նախագծի հեղինակը ԱԺ իշխանական թիմն է:
Հիշեցնենք, այս օրենքը փոխվել էր ընդամենը 2 ամիս առաջ: Մայիսի 19-ին ԱԺ-ն դիմակ չդնելու համար տուգանքները սահմանեց 10 000 դրամի՝ բոլոր դեպքերի համար՝ նախկին 100-250 հազարի փոխարեն:
Նշենք, որ երեկ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ գործադիրը մտադիր է առաջիկա ամսվա ընթացքում կատարելագործել արտակարգ դրության մասին ՀՀ օրենսդրությունն այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը հակահամաճարակային քաղաքականություն վարելու որոշակի գործիքներ ունենա: