Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանի հետ
ForeignՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նրան իր պաշտոնավարման տարիներին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Ընդգծելով, որ հայ-բելառուսական առեւտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, փոխվարչապետը կարեւորել է ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացումը, այլեւ համագործակցության ընդլայնումը բազմակողմ՝ ԵԱՏՄ հարթակում:
Դեսպան Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից՝ պահելով այն իր սրտում:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել, չնայած առկա խոչընդոտներին, առեւտրաշրջանառության աճի արձանագրումը: Դեսպանը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարեւոր է համարել, մասնավորապես համավարակի ընթացքում, Երեւանի եւ Մինսկի միջեւ կանոնավոր ավիաթռիչքների իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետեւանքով երկու երկրներում ստեղծված իրավիճակն ու դրա դեմ պայքարելու միջոցառումների արդյունավետությունը: