Ո՞վ է Էդուարդ Մելիքյանը և ինչո՞ւ է օգտվում կառավարության տված արտոնություններից
ՀասարակությունՖիրդուս (33-րդ) թաղամասի պաշտպանության նախաձեռնող խումբը Ֆիրդուս 1 հասցեում գտնվող տան ետնաբակում այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ «Թրանփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը խոսեց մի արատավոր երևույթի մասին, որի հեղինակը կառավարությունն է: Բանն այն է, որ Ֆիրդուս թաղամասում տարածքի կառուցապատումն ու իրացումը հանձնվել է այն ընկերություններին, որոնց ղեկավարը եղել է նույն մարդը և որը չի կատարել քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունները:
Հայկ Մարտիրոսյանը պատմում է, որ Ֆիրդուս թաղամասի իրավական գործընթացը սկսվել 2006-2007 թվականներին, երբ կառավարության որոշումներով Ֆիրդուսի թաղամասը և հարակից տարածքը ճանաչվել են հանրային գերակա շահ: Այնուհետև այդ գործընթացում որպես կառուցապատող ներգրավվել է «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը և որևէ ծրագիր չի իրականացրել: Բանախոսը նշում է, որ այդ գործընթացներում որևէ ֆինանսական երաշխիքներ չեն ներկայացվել. «Պետությունը ակնհայտորեն փորձել է օժանդակել անհասկանանլի պատճառներով, որովհետև եթե տարածքի ներդրող է ներգրավում, ապա պետք է իր միջոցներով իրականացներ այդ ծրագրերը: 2014 թվականին կառավարությունը երաշխավորություն է ներկայացնում, որպեսզի այդ կազմակերպությունները արտաքին վարկային ռեսուրսներ ներգրավեն: Ներգրավելուց հետո նույնիսկ, այդ պայմանագրերը չեն հրապարակվում և գաղտնի են պահվում»,- ընդգծում է Մարտիրոսյանը հավելելով՝ այդ ընթացքում քաղաքացիների շրջանում բազմաթիվ դժգոհություններ են առաջանում այն պատճառով, որ իրացման ծրագրում իրենց սեփականության իրավունքը խախտվել է և խոչընդոտվել է իրացման հետ կապված պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:
«2018 թվականի մարտ ամսվա վերջին տարածքը դարձյալ հռչակվում է գերակա հանրային շահ և այն ձեռք է բերում «Դիանար» ՓԲԸ-ն, որի ղեկավարը նախկին երկուսի («Սիթի սենթըր դիվելըփմենթ», «Գլենդել Հիլզ» ) ղեկավար Էդուարդ Մելիքյանն է: Կառավարությունը այսօր դարձյալ հրաժարվում է հրապարակել այն ֆինանսական երաշխիքները, որոնք այդ կազմակերպությունները տվել են՝ որպես ծրագրի իրականացման երաշխիք»,- կարևորում է փորձագետը:
Մարտիրոսյանի խոսքով՝ հիմնական իրավական գործընթացը այն է, որ Քաղաքաշինության պետական կոմիտեն, որի կանոնադրության հիման վրա այդ կառույցը պետք է իրկանացներ մրցույթներ՝ քաղաքաշինական լավագույն լուծումներով տարածքի կառուցապատումը իրականացնելու համար, որևէ քայլ չի ձեռնարկել այս տեսանկյունից և կառավարությունը որևէ ձևով չի արձագանքել համապատասխան կազմակերպության պաշտոնական անփութությանը:
Հիշեցնենք, որ 2013-2018 թվականներին Ֆիրդուս թաղամասում տարածքի կառուցապատումն ու իրացումը կազմակերպում էր «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն, որի տնօրենը եղել է Էդուարդ Մելիքյանը։ 2018-ի մարտին կառավարության որոշմամբ տարածքը բաժանվեց 18 լոտերի: «Դիանար» ՓԲԸ-ն բաժնետեր է եղել տասնութ այն ընկերությունների, որոնց պատկանում են Ֆիրդուսի թաղամասի լոտերը։ Ներկայում Էդուարդ Մելիքյանը «Դիանարի» տնօրենն է: Այնուհետև, որպես կառուցապատող ներգրավվել է «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որը չի կատարել քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունները: Այս ընկերության տնօրենը և բաժնետերը կրկին Էդուարդ Մելիքյանն է եղել: