Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ
НКՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձով ու գիտելիքներով հաջողությամբ կշարունակի ծառայել հայրենիքին: «Ուզում եմ Ձեր միջոցով շնորհավորել նաև Արցախի ողջ ժողովրդին, որովհետև նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական ձևով, -ասել է նախագահը՝ ավելացնելով: -Շնորհակալությունս փոխանցեք նաև նախագահական ընտրությունների մյուս մասնակիցներին, որոնք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև՝ ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ: Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում: Ուզում եմ Ձեզ, ինչպես նաև Արցախի բոլոր քաղաքացիներին նախ և առաջ մաղթել առողջություն: Վստահ եմ, որ հաղթահարելու ենք նաև այս դժվարին վիճակը և առաջ ենք գնալու՝ ամրապնդելով և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը»:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության հզորացման և զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային մի շարք ծրագրերի: