ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի պատճառով
Արտաքին ՔաղաքականՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հրավիրել է կազմակերպության մշտական խորհրդի արտակարգ նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացների պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամլո ծառայությունը։
Ավելի վաղ` ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: