Ո՞վ է ներքին թուրքը և ո՞վ ներսից կբացի բերդի դարպասները
ОбществоԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ խոսել էր Հայաստանում «ներքին» թուրքի գոյության մասին: Պատգամավորը գրառմամբ հայտնել էր, թե ինքը տպավորություն է ստացել, որ «ներքին» թուրքը երկրորդ ճակատ է բացել. «Տպավորություն է, որ «ներքին» թուրքը երկրորդ ճակատ է բացել..... Բոլորով հավաքվեք մի տեղ, այ անհայրենիք ........, երկու ճակատում էլ ջարդելու ենք: Հայոց բերդի դարպասները մեջից բացել թույլ չենք տալու: ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ»,- գրել էր Տիգրան Կարապետյանը:
Հետաքրքրական է, որ նույնատիպ գրառում է կատարել նաև Իմքայլական մեկ այլ պատգամավոր՝ Արման Բոշյանը: Վերջինս էլ իր էջում գրել էր. «Միևնույն է՝ չենք թողնելու դարպասները ներսից բացեք, իսկ հետո մեր ժողովուրդը ամրոցի աշտարակներից է ձեզ դուրս շպրտելու»:
Այս երկու պատգամավորների ֆեյսբուքյան գրառումները առաջացրել են մի քանի հարցեր՝ ովքե՞ր են դարպաս բացողները, իրենք՝ որպես երկրի իշխանության ներկայացուցիչներ, դիմե՞լ են ԱԱԾ, թե՞ ոչ, և ինչո՞ւ են այս լարված օրերին բավարարվում միայն ֆեյսբուքյան տիրույթում ստատուսներ գրելով, գուցե՞ խիստ կարևոր ինֆորմացիայի են տիրապետում, որը պետք է տեղեկացնել համապատասխան մարմիններին:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Արման Բոշյանի հետ՝ ստանալու թվարկված հարցերի պատասխանները: Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել իր իսկ գրածը: Ստացվում է՝ վերջինս գրել է մի բան, որի պատասխանատվությունը չի կարողանում ստանձնել: Այդպես էլ օդում առկախված մնացին ներսի թուրքի անունն ու իր մասին գրառումները:
Արփինե Հակոբյան