Տավուշում երեխաներին ճամբարներ են տեղափոխելու միայն կրակոցների ժամանակ
ՀասարակությունՏավուշի սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված` խնդիրների լուծման նպատակով ստեղծվել են մի քանի հանձնախմբեր: Երեկվանից արդեն ակտիվորեն քննարկվում է սահմանամերձ համայնքների երեխաներին ապահով վայր տեղափոխելու հարցը:
«Հիմա Տավուշում սահմանամերձ գոտու բոլոր երեխաները հաշվառման տակ են, ու համապատասխան աշխատանքեր են կատարվում՝ գնդակոծության ժամանակ նրանց որևէ ապահով վայր տեղափոխել: Մենք աշխատում ենք տարբեր հանձնախմբերով»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տավուշի ԿԳՄՍ վարչության գլխավոր մասնագետ Ռուզան Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով՝ հարցը քննարկվել է մարզպետարանում, մասնավորապես, թե քանի երեխա կա և ինչ պատճառներով են նրանք դեռևս գյուղում:
Մասնագետը շեշտում է, որ տարհանում չի կատարվում, պարզապես նրանց անվտանգությունը ապահովվելու է անհրաժեշտ պահին. «Նախատեսում ենք տեղափոխել կրակոցների ժամանակ՝ նախօրոք պատրաստված ճամբարներ»:
«Բնականաբար, ծնողներ կլինեն, որոնք իրենց երեխաներին մենակ չեն թողնի, ամեն ինչ անում ենք, որ նման դեպքերում նրանց անվտանգությունը ևս ապահովված լինի: Տարածքներ, ապաստարաններ են պատրաստված համապատասխան ձևով: Կան նաև այնպիսի երեխաներ, որոնք, ասենք, ծնողներ չունեն. իրենց անվտանգությունը ևս երաշխավորում ենք»,- ընդգծեց Սաֆարյանը:
Ըստ մասնագետի՝ նախագիծը առաջարկվել է Տավուշի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից, իհարկե, մարզպետի գլխավորությամբ:
Աշխատակցից հետաքրքվեցինք՝ արդյոք երեխաներին հոգեբանական աջակցություն անհրաժեշտ չէ, նա ասաց, որ հանձնախումը կքննարկի դա և կտեղեկացնի:
Արփինե Հակոբյան