Սահմանը մենք ենք․ տավուշցիները շան բերանը տալու հայրենիք չունեն
SocietyՏավուշի մարզում դեռևս մի քանի օր առաջ բոլորն ապրում էին իրենց սովորական կյանքով ու առօրյայով, ռամկական համերաշխ ներդաշնակությամբ։ Բոլորը տարված էին հողագործությամբ, ինչով սովորաբար զբաղվում են գյուղաբնակները։ Սակայն մի կրակոց, ու բոլորի սիրտն արդեն դիրքերում էր՝ տղաների մոտ։ Տավուշի մարզի բնակիչները պատմում են՝ սկզբից կարծել են, թե սովորական կրակոցներ են, որոնք տարվա մեջ մի քանի անգամ կրկնվում են, բայց դրանք հետզհետե սաստկացել են։
«Սարսափելի ապրումներ էին, երբ նկատում էինք, որ կրակում են տարբեր տրամաչափի զենքերից, հիմնականում, տանկ, հրետանի։ Ինչ խոսք, վախենում էինք, բայց առաջին հերթին վախենում էինք ոչ թե մեր, այլ դիրքերն անառիկ պահող տղաների համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Ինեսսա Ոսկանյանը։
«Տեսնես ո՞վ կրակեց, ո՞ր կողմ գնաց, հո բան չեղա՞վ տղաներին․․․»,- մտածել են գյուղաբնակները։
Իննեսայի խոսքերով՝ կրակոցները սկզբում ուղղված են եղել դիրքերին, հետո սկսել են մերթընդմերթ կրակել նաև գյուղերի վրա․ «Բնակչությունը սկսում էր պատսպարվել նկուղներում, քնում էին սառը հատակին, (ու դեռ հարց է՝ քնու՞մ էին, թե՞ ոչ)։ Բոլորիս աչքերը սառել էին, ու քունն անգամ ցանկալի չէր, աղոթքը սառել էր մեր շուրթերին, բայց անընդհատ աղոթում էինք, որ դիրքերը խաղաղվեն, տղաներն էլ ողջ-առողջ հետ գան»,- վերհիշում է մեր զրուցակիցը։
Գյուղացիներին հիմա անհանգստացնում է հարաբերական լռությունը․ «Երբ կրակոցները ժամերով դադարում են, ավելի ենք վախենում, զգում ենք, որ ավելի մեծ բան է սպասվում, կռիվը ավելի ուժեղ է լինելու դիրքերում»,- նկատում է Ինեսսան։
Ինչ սկսել են կրակոցները, օրերն էլ սկսել են դժվար մթնել ու լուսանալ․ «Սրտատրոփ սպասում ենք լավ նորությունների, հուսով ենք, որ մեր տղերքը չեն պակասի»,- ասում է Ինեսսան և հավելում․ «Մեր մարտական ոգին ամուր է, բոլորս պատրաստված ենք, հենց ասեն՝ իրավիճակը լուրջ է, ու մեր կարիքը կա, բոլորս միահամուռ կբարձրանանք դիրքեր՝ մեծ թե փոքր, աղջիկ թե տղա»։
Ինեսսան պատմում է՝ մարդիկ կան՝ գնում են գյուղից, բայց նրանց չեն մեղադրում․ «Փոքր երեխաներ ունեն, ուժգին կրակոցները շատ են ազդում նրանց հոգեբանության վրա, դրա համար էլ անհրաժեշտության դեպքում գնում են։ Մենք էլ մնում ենք, որ վերահսկենք գյուղի իրավիճակը»,- ընդգծում է նա։
Նորաշենցի մեկ այլ բնակիչ պատմում է՝ գիշերը կրակոցների ձայների տակ քնել չէին կարողանում՝ վախենում էին․ «Գիշերը՝ ժամը 4-ին սկսվեց. կրակում էին խաղաղ բնակչության շրջանում, կրակում էին խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից` ռազմավարական ենթակառուցվածքներին»,- ասում է մեր զրուցակից Լիլիթ Սիմոնյանը։
Ըստ նրա՝ սահմանապահ բնակչության՝ մեծահասակների համար կրակոցները սովորական են, իսկ իրենց՝ երիտասարդների համար` անսովոր։
Բերդի շրջանի Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Անի Կիզիրյանի խոսքերով՝ ներկայիս դրությամբ իրավիճակը շատ հանգիստ է, բնակչությունն էլ մատնված չէ խուճապի․ «Շամշադինի զավակներ ենք, հարկ եղած դեպքում պատրաստ ենք ամեն ինչի և ցանկացած պահի կարող ենք անել ամեն ինչ»,- ընդգծում է Անին։
Բնակիչը կարևորում է՝ տարբեր մարզերից օգնություն են ստանում, հիմնականում, անվադողեր․ «Շատերն իրենց տներում պատսպարում են մեր երեխաներին, ամեն կերպ փորձում են օգնել»։
«Տավուշը մենք ենք, սահմանը մենք ենք ու ամեն գնով պաշտպանելու ենք մեր հայրենիքը։ Մենք շան բերանը տալու հայրենիք չունենք»,- այս ոգով են ապրում տավուշցիները:
Արփինե Հակոբյան