Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար «դավաճան» ճանաչված Սամվել Կարապետյանը նույն զանգվածի կողմից երեկ հերոսացվեց
Բլոգոսֆերա«Մեկ Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շաբաթներ առաջ Սամվել Կարապետյանը մասնակի վճարեց Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի կողմից սահմանված աննախադեպ մեծ գրավը և վայրկյանական կազմակերպված «համազգային» քվեարկությամբ ճանաչվեց «դավաճան» ( թե ինչին կամ ում էր դավաճանել Կարապետյանը, բացարձակ կարևոր չէր):
Երեկ նույն Սամվել Կարապետյանը նույն զանգվածի կողմից հռչակվեց հերոս և մեծ հայ, քանի որ օգտագործեց իր հնարավորությունների 5%-ը և օգնեց իրացնել ադրբեջանցիների կողմից շուկայից դուրս քշված հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը:
Նույն «համազգային քվեարկությամբ» երեկ Մարգարիտա Սիմոնյանը՝ իր կոպիտ և էմոցիոնալ գրառման պատճառով, հռչակվեց «ազգադավ դավաճան» (նորից պարզ չէ, թե ում կամ ինչին է դավաճանել Սիմոնյանը):
Հարկ է նշել, որ Մարգարիտա Սիմոնյանն ի զորու է միայնակ փոխել Ռուսաստանի լրատվական քաղաքականության վեկտորը և ազդել Ռուսաստանի ժողովրդի կարծիքի ձևավորման վրա:
Հիմա ուզում եմ պատկերացնել Սիմոնյանին շատ սուր քննադատող, հատկապես իմ կողմից շատ հարգված և ընդունված մարդկանց դեմքի արտահայտությունը, եթե Սիմոնյանը, ձեռքի թեթև շարժումով Ռուսաստանում ձևավորի բացարձակ հայամետ և հակաադրբեջանական տրամադրություն և այդ տրամադրոթյունը՝ իր ենթակայության տակ գտնվող «Russia today» անգլալեզու ալիքով հեռարձակի ամբողջ աշխարով:
Մարգարիտան դա կանի, ես չեմ կասկածում, բայց ի՞նչ են զգալու իրեն հրապարակավ վիրավորած ու հայհոյած մարդիկ, դժվար է ասել:
Մի ենթարկվեք զանգվածների գիտակցության մանիպուլյացիայի, սիրելի հայեր, հետո կփոշմանեք, բայց արդեն ուշ կլինի:
Մտածեք, եթե իհարկե դժվար չէ . . .»։