Հալեպում պատարագ է մատուցվել ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների
ԲլոգոսֆերաԱրկադի Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ձեր լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա, տղե՛րք...
Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցվել հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար
Կիրակի օրը` հուլիսի 19-ին, Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոսի Այլակերպության տաղավար տոնի առիթով եպիսկոպոսական Պատարագին Բերյո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցել ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունների ժամանակ նահատակված`ՀՀ ԶՈւ մայոր Գարուշ Համբարձումյանի, ՀՀ ԶՈւ կապիտան Սոս Էլբակյանի, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հոգիների խաղաղության համար:
Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Հալեպում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչներ, Ազգային Կենտրոնական վարչության անդամներ, Բերյո Հայոց Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի, Ազգային Վարչության, Կրոնական Ժողովի և Ազգային Մարմինների ներկայացուցիչներ:
Հոգեհանգստյան խորհրդավոր շարականներ և աղոթքներ են բարձրացել առ Աստուած, ապա Առաջնորդ Սրբազան Հայրը «Հոգւոցն Հանգուցելոցն» աղոթքն է մատուցել նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար` մաղթելով, որ ապահովությունը և խաղաղությունը վերահաստատվի Հայաստանի ու Արցախի սահմաններին»: