Պետք է շտապ ուշադրություն դարձնել Սևանա լճի կանաչմանը․ լիճը կորցնում ենք. բնապահպան
SocietyՍևանա լճի վիճակի մասին այս տարի նորից ահազանգեր կան. լիճը մշտապես ծաղկման վտանգի առաջ է: Չնայած` ժամանակ առ ժամանակ այն վերադառնում է իր բնական կապույտ գույնին, սակայն, խնդիրները չեն վերանում։ Ո՞րն է լճի կանաչելու պատճառը, արդյոք այն կանգնած է ճահճացման վտանգի առաջ, ի՞նչ են ասում մասնագետները։
Բնապահպան Կարինե Դանիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ լիճը կորցնելը նշանակում է՝ կորցնել Հայաստանը. «Մենք այս բոլորը կանխատեսել ենք. եթե այսպես շարունակենք՝ լիճը այնպես է ճահճանալու, որ այլևս, որպես լիճ, չենք կարող ընկալել և չենք կարող օգտագործել ո՛չ հանգստի, ո՛չ ոռոգման համար»:
«Իշխանությունների մոտ, ցավոք, լիճը կորցնելու հասկացությունը երբեք չի եղել: Ճիշտ է՝ միջոցառումներ արվել են, բայց՝ կիսատ, իսկ ծրագրերը դեռ սովետական տարիներից մշակված, դրված են. պետք է մակարդակը բարձրացնել, ջուրը մաքրել, այսինքն այն բոլոր հոսքաջրերը, որոնք լցվում են Սևան, պետք է մաքուր լինեն, գետերը, որ լցվում են լիճ, բավական չէ, իրենց հետ տարբեր քիմիական նյութեր են բերում, նաև աղբ են բերում: Լճի գլխին այնպիսի «օյիններ» ենք բերել, որ նպատակաուղվված սպանել ենք լիճը»,- նկատում է բնապահպանը:
Կարինե Դանիելյանը նշում է, որ տասնամյակների ընթացքում հնարավոր է ազատվել լճի ծաղկումից. «Ես հույս ունեմ, որ դեռ չենք անցել այն կետը, որից այն կողմ արդեն որևէ բան փոխել չի լինի: Ինչքան որ ես եմ ուսումնասիրել լիճը՝ այն ինքնամաքրման մեծ ներուժ ունի. մի փոքր օգնում ես՝ սկսում է առողջանալ»:
Ըստ բնապահպանի՝ ամեն տարի ջրի մակարդակը բարձրացվում է, սակայն ափերը չեն մաքրվում, ուստի, այդ պատճառով ափին ինչ կա՝ անցնում է ջրի տակ. «Մակարդակի բարձրացում, միաժամանակ ափերի մաքրում, մաքրման կայանների կառուցում, եղած կայանների կենսաբանական մաքրման ներառում, բնակչության հետ աշխատանք, այսինքն՝ ովքեր գնում են հանգստանալու, աղբը իրենց հետևից չթողնեն, ձկների պաշարների վերականգնում, որովհետև իրենք նաև մաքրում են լիճը»,-սրանք են այն կետերն են, որոնք առանձնացնում է բնապահպանը՝ մաքուր Սևանա լիճ ունենալու համար:
Բնապահպանը դժվարացավ մաքուր Սևան ունենալու հստակ ժամկետներ նշել. «Լիճը պարբերաբար ծաղկում է, բայց շատ փոքր տարածքների վրա՝ փոքր ժամանակահատվածով, և վերջին տարիներին ջուրը սկսել է ծաղկել»:
Դանիելյանը նշում է, որ մաքրման ծրագրերը, որոշումները միշտ կան, պարզապես իրավիճակը նպատակահարմար չէ. «Հասկանալի է, որ այս օրերին պատերազմի հետ ոչինչ չի կարող համեմատվել, բայց նաև հասկանալի է, որ բոլոր դեպքերում, պետք է շտապ ուշադրություն դարձնել լճի ծաղկման խնդրին»,- եզրափակեց բնապահպանը:
Արփինե Հակոբյան