Բերդավանցի ոսկեմեդալակիր Նելլին 18.75 միավորով բուհ չի ընդունվել. գրքի և թեստի միջև էլ տարբերություն է եղել
SocietyԱռցանց հարթակը արդեն քանի օր է, ինչ ողողվել է դիմորդների` բուհ չընդունվելու տարբեր պատմություններով, սակայն, այդ պատմությունների մեջ կա մեկը, որը տարբերվում է մյուսներից:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Բերդավան գյուղի դիմորդ Նելլի Ազատյանի հետ, որը դասարանի միակ ոսկեմեդալակիրն էր, իսկ հիմա էլ դասարանում միակը, որը, հավաքելով 18.75 միավոր, բուհ չի ընդունվել:
«1-ին հայտով գրել եմ ԵՊՀ-ի «Իրավագիտություն», 2-րդով՝ «Կառավարում», 3-րդը՝ «Միջազգային հարաբերություններ», 4-րդն էլ՝ «Սերվիս» բաժին: Միասնական քննություն եմ հանձնել «Հայոց պատմություն» առարկայից և հավաքել եմ 18.75 միավոր և ոչ մի հայտով չեմ ընդունվել»,- նշեց դիմորդը:
Նելլին, ի տարբերություն մնացած դիմորդների, բուհ չի ընդունվել, քանի որ անհամապատասխանություն կար դասագրքի և թեստի միջև, ինչի պատճառով էլ հավաքել էր ոչ բավարար միավոր. «Ես ճշտեցի ու համոզվեցի, որ դասագրքինը ճիշտ ա, որովհետև ես 2018 թվականին 10-րդ դասարան եմ եղել, իսկ գիրքը 2014 թվականի ա, իսկ գիրքը ակտուլ ա 4-5 տարի, այսինքն, ես անցել եմ ճիշտ դասագրքով ու չեմ կարծում, որ պարտավոր եմ նոր դասագիրք սովորել»,- ընդգծեց դիմորդը:
Նելլի Ազատյանը գնահատականի համար բողոքարկել է, բայց այն չի ընդունվել. «Եթե իմ բողոքարկումը ընդունվեր՝ ես կընդունվեի հենց առաջին հայտով, որովհետև հավաքել էի 19.25 միավոր: Ես կարծում եմ, որ իմ միավորները պետք ա վերադարձնեն ինձ»,- ասաց նա:
Նելլին, սակայն, միայն գնահատակի համար բողոքարկելով չի սահմանափակվել. «Ես շատ շատերին եմ դիմել, օրինակ՝ ԱԺ-ի պատգամավոր Աննա Կոստանյանին, պատգամավոր Սարգիս Ալեքսանյանին, վարչապետին, ԿԳՄՍ նախարարին: Ինձ արձագանքել է միայն Աննա Կոստանյանը, հուսով եմ՝ նա կօգնի ինձ լուծել այս խնդիրը»,- եզրափակեց դիմորդը:
Զվարթ Պետրոսյան