Արաբական քարոզչական թեզերն՝ ադրբեջանական ագրեսիայի համատեքստում
БлогосфераՔաղաքագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արաբական մի շարք երկրների լրատվամիջոցների մի պատկառելի հատված, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան լուսաբանելիս, առանձնահատուկ կերպով շեշտադրել է հետևյալ 2՝ նաև հայկական շահերին համապատասխանող թեմատիկ ուղղությունները։
1.Հայաստան-Ադրբեջան լարվածության հիմնական պատճառը Թուրքիայի սադրիչ քաղաքականությունն է, որը, Սիրիայից, Լիբիայից, Իրաքից բացի, ձգտում է ապակայունացնել նաև Հարավային Կովկասը: Հայերի նկատմամբ Թուրքիայի ատելությունն ու թշնամանքը դարերի վաղեմություն ունեն, որն իր գագաթնակետին է հասել շուրջ 1 հարյուրամյակ առաջ՝ Օսմանյան կայսրության կողմից նրանց դեմ իրականացված եղեռնի հետևանքով:
2. Հայկական ԶՈւ-ի կողմից Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության մեծաթիվ ԱԹՍ-ների խոցման իրողությունը պայթեցրել է իսրայելական սպառազինության որակի վերաբերյալ ցայժմ եղած քարոզչական փուչիկը:
Ինչ խոսք, արաբական լրատվամիջոցների նման դիրքորոշման հիմնական պատճառը Թուրքիա-արաբական երկրներ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված զգալի լարվածությունն է, որն առավել լայն դրսևորում է ստանում հատկապես քարոզչական տիրույթում: Իսկ հակաիսրայելական թեմատիկան արաբական լրատվադաշտի ավանդական ուղղություններից է:
Ընդհանուր առմամբ, ադրբեջանական ագրեսիայի լուսաբանման հետ կապված մերձավորարևելյան լրատվադաշտերում արձանագրված միտումները փաստում են այն կարևոր իրողությունը, որ հայկական կողմից այս ուղղությամբ նպատակաուղղված աշխատելու դեպքում հնարավոր է լուրջ հաջողություններ արձանագրել»: