Վարչապետին է ներկայացվել Կապսի ջրամբարի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը
PoliticalՎարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման նախագիծը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո և նախատեսվում է այն իրականացնել գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ: Ներկայումս քննարկման փուլում է ջրամբարի կառուցման երկու տարբերակ: Արդյունքում՝ Կապսի ջրամբարի տարողությունը լինելու է 60 մլն խմ՝ 51 մետր երկարությամբ պատվարով:
Ծրագիրը նախատեսվում է սկսել 2021 թվականին և ավարտին հասցնել 3,5 տարվա ընթացքում:
Վարչապետը կարևորել է վերը նշված ծրագրի իրականացումը և հանձնարարել այն կյանքի կոչելիս հաշվի առնել նաև Էներգետիկ հզորությունները նախատեսելու հարցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային պահանջարկի ապահովման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրն ու նշել, որ պետք է այդ ուղղություններով իրականացնել հետևողական աշխատանքներ: