Մենք զրկվել ենք բարեկեցիկ կյանքից․ Լիդիանի նախկին աշխատակիցները դատական հայց են ներկայացրել
ՀասարակությունՄենք արդեն երկար ժամանակ է չենք աշխատում մի խումբ ակտիվիստների պատճառով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց Լիդիանի նախկին աշխատակիցներից Լիանա Հովսեփյանը։
«2018 թվականից մեր հանքը չի գործում։ Փորձել ենք մի քանի անգամ դիմել կառավարությանը, վարչապետին։ Գիտեք, որ մի շարք ստուգումներ է անցել Ամուլսարը, բայց այդ ստուգումների արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել, սակայն միևնույն է հանքը չի գործում։ Տեսնելով, որ մեր ձայնը լսելի չէ, մեր դիմումները ընթացք չեն ստանում, մենք որոշել ենք, որ այն աշխատակիցները, որոնք ապօրինաբար զրկվել են իրենց աշխատանքից, դիմեն դատարանին։ Դրա մասին մենք հայտնել ենք փետրվար ամսին, մեր դիմումն արդեն ընթացքի մեջ է, մեզ միացել են մոտ 100 նախկին աշխատողներ։ Մենք չենք հասկանում կառավարության մոտեցումը։ Կառավարությունը լռում է, ոչինչ չի անում։ Վերջերս, ինչպես գիտեք, տեղի ունեցավ քաշքշուկ ոստիկանների և բնապահպան ակտիվիստների միջև, և ոստիկանապետն ասաց, որ ինքն աջակցում է ակտիվիստներին, ամեն հարցում իրենց կողքին է։ Հիմա հարց է ծագում, այսինքն այս ամենն ինչ որ կատարվում է կառավարության կողմից թույլ տրվա՞ծ է, և ինչպե՞ս հասկանանք այս հարցի լուծումն ի՞նչ է լինելու, ի՞նչ է անելու կառավարությունը վերջապես»,-ասաց Հովսեփյանը։
Լիանա Հովսեփյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում Լիդիանի աշխատակիցներից շատերը ստիպված են եղել արտագաղթել։ «Երկու տարվա ընթացքում Լիդիանի աշխատակիցներն իրենց բարեկեցիկ կյանքից զրկվել են և ցավալին այն է, որ Հայաստանում չեն կարողանում գտնել նմանատիպ լավ պայմաններով աշխատանք։ Արտագաղթած բարձրակարգ մասնագետները թեև գտել են աշխատանք, սակայն միացել են մեր բողոքին։ Մենք չգիտենք՝ ինչ է լինելու էս հարցի վերջը։ Մենք աշխատելո՞ւ ենք, ի վերջո, թե՞ ոչ, կառավարությունը լուծելո՞ւ է այս խնդիրը»։
Նշենք, որ Լիդիանի նախկին աշխատակիցները դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության։