Ոռոգման ջրի խնդիրը կլուծվի. Ակնալիճի բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան
ОбществоԱյսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում համայնքապետարանի դիմաց. պատճառը ոռոգման ջրի խնդիրն էր:
Ակնալիճի համայնքապետ Գևորգ Միսակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ բնակիչները արդեն դադարեցրել են բողոքի ակցիան. «Ժողովուրդը իսկապես եկել էր համայնքապետարան, հրավիրեցինք Ջրային կոմիտեի աշխատակիցներին և խոստացանք, որ մինչև երեկո ոռոգման ջուր կլինի»:
Ըստ համայնքապետի՝ գյուղում ոռոգման ջրի խնդիրը մշտապես է եղել, օգոստոս ամսին՝ ավելի շատ. «Վերջնական լուծում դժվար է ստանալ, քանի որ գետը, որից ջուր էինք ստանում, ցամաքել է, դրա համար էլ չի բավարարում»,- նկատեց Միսակյանը:
«Մեր գյուղը Ստորին Հրազդան ջրանցքի ամենավերջին գյուղն է, և բնական է, եթե ջուրը քիչ է լինում՝ միշտ տուժում է վերջին գյուղը»,- ընդգծեց համայնքապետը:
Բնակիչները, կարծես թե, համակերպվել են ոռոգման ջրի խնդրին, քանի որ վաղ ժամանակներում վիճակն ավելի սոսկալի է եղել. «Մեր տնտեսային ցանցերի վերականգնումը, որպեսզի ջուրը շատ կորուստ չունենա, մեր մարզի ամենամեծ ծրագիրն է, որը մեր համանյքում է, աշնաննն էլ արդեն կսկսեն աշխատանքները»,- նշեց Միսակյանը:
Համայնքապետը նշում է՝ սա խնդրի լուծման տարբերակներից մեկն է, բայց վերջնականը չէ. գետի ակունքները բացելու դեպքում գյուղում ոռոգման ջրի խնդրը կլուծվի: Գործընթացը սարերի հետևում չէ. վաղվանից սկսելու են նշված աշխատանքները:
Արփինե Հակոբյան