Եթե հայրը ընդդիմադիր է՝ որդին աշխատելու իրավունք չունի՞. Սամվել Իսագուլյանի՝ աշխատանքից դուրս գալը քաղաքական հետապնդման արդյո՞ւնք է
Политические«Ամբողջը պայմանավորված է ղեկավարությամբ, որը հեղափոխությունից հետո հետապնդում է բոլոր այն աշխատակիցներին, որոնք ընդդիմությանը կա՛մ հարազատ են, կա՛մ բարեկամ են, կա՛մ ծանոթ են. սա շատ վատ երևույթ է, որը տեղափոխվել է նաև ՊՆ: Իմ տղայի միակ մեղքը այն է, որ իմ որդին է, պարզապես հիմա ծառայում է սահմանում, 25 տարեկան կապիտան է և թույլ չեն տալիս, որ ինքը հանգիստ ծառայի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով որդու՝ աշխատանքից ազատման լուրերին:
Ըստ Իսագուլյանի՝ Սամվել Իսագուլյանը ծառայում էր Վարդենիսում և շաբաթը 1-2 անգամ ԱԱԾ-ից կանչում, հարցաքննում էին. «Որդուս խորհուրդ էին տալիս՝ «հայրիկիդ համոզի», բայց տղաս երբեք իմ քաղաքական գործունեությանը չի խառնվել, երբեք իր գործունեության մասին ինձ ոչինիչ չի պատմել, համակարգում էլ աշխատում էր շատ պարկեշտ: Արդեն 10 տարի ծառայության մեջ է, աշխատակիցներն իրենից շատ գոհ են, սովորել է Մոսկվայի ակադեմիայում»,- ընդգծեց կուսակցության ղեկավարը:
«Արգիշտի Քյարամյանը պարզ ասել է՝ «Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն է, մենք չենք կարող չկատարել»: Հեռացնել չեն կարող, որովհետև տղայիս գործունեության մեջ չկա մի բան, որից կառչեն, և դրա հիման վրա հեռացնեն. մնում է՝ ինչ-որ բան սարքել: Այդ համակարգում ծառայողը պետք է հանգիստ խղճով ծառայի հայրենիքին»,- նշեց նա:
Իսագուլյանի խոսքերով՝ ինքն է տղային խորհուրդ տվել դիմում գրել, ազատվել. «Իրեն շաբաթական 2 անգամ Վարդենիսից կանչում էին Երևան, փորձում էին ինչ-որ բաներ համոզել: Դիմումը արդեն հանձնել է, սպասում է համապատասխան հրամանի»,- ընդգծեց նա և հավելեց. «Քյարամյանը չի պատկերացնում՝ որտեղ է եկել, ինչ և ինչի համար է աշխատում, նրան միայն մի բան է հետաքրքրում՝ ով Նիկոլին դեմ է խոսում, քրեական գործեր հարուցել: Համակարգը պետք է ծառայի պետությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին: Նույնիսկ Ստալինը այսպիսի ստորություններ չի արել»,- շեշտեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը:
Նրանից հետաքրքվեցինք՝ արդյոք մինչև Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ պետ նշանակվելը, Սամվելի նկատմամբ էլի քաղաքական հետապնդումներ իրականացվում էին. «Գիտեք, այն ժամանակ էլ էին նորից նույնը անում, ինքը ծառայում էր Երևանում, բայց ասացին՝ ուղարկենք Վարդենիս, Քարվաճառ, տղաս էլ ասաց՝ ես ուսադիր եմ կրում, որևէ խնդիր չկա: Սահմանային ծառայության ուղարկեցին Վարդենիս, ու արդեն մեկ տարի է՝ ծառայում է»,- ասաց Իսագուլյանը:
«Ես չեմ կարող իմ տղային վտանգի ենթարկել, ինչ է՝ Քյարամյանի նման մարդիկ չեն հասկանում, թե ԱԱԾ-ն ինչ համակարգ է. եթե հայրը ընդդիմադիր է, նշանակում է որդին աշխատելու իրավունք չունի՞»,- եզրափակեց Իսագուլյանը:
Արփինե Հակոբյան