Նախագահն անդրադարձել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին
Society«Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները (այսուհետ՝ Օրենքներ) Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020 թվականի հուլիսի 20-ին:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է՝ ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներով նախատեսված փոփոխություններն ի թիվս այլ հարցերի կարգավորում են նաև ընդերք-օգտագործման ոլորտում պոչամբարների անվտանգ կառուցման, ջրերի ռացիոնալ և շրջանառու համակարգերի ներդրման կիրառման օրենսդրական հիմքերը, որոնք նվազեցնում են շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը նոր նախաձեռնությունների դեպքում:
Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների իրացման և պաշտպանության առավել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնց համաձայն տնտեսվարողները շահագրգռված կլինեն կամավորական սկզբունքով հետևել առաջարկվող կարգավորումներին:
Ըստ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրու¬թյունների և վերլուծությունների՝ Օրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:
Հանրապետության նախագահը ստորագրել է Օրենքները:
Ստորագրելով Օրենքները՝ Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևելու է դրանց կիրառմանը: