«Միգուցե նորանշանակ տնօրենը կաշա՞ռք է տվել». Նորամարգի դպրոցում իշխանության գործողություններում միտում են տեսնում
ОбществоԵրեկ Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցի ուսուցիչներն ու ծնողները հավաքվել էին Կառավարության դիմաց: Վստահեցնում են՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն ապօրինությամբ է անցել, և մարզպետ Գարիկ Սարգսյանը դպրոցի տնօրեն է նշանակել իր մերձավորին: Արդեն նախկին տնօրեն Ծովինար Գալստյանին աջակցող ուսուցիչներն ու ծնողները տեղական իշխանության գործողություններում միտում են նկատում:
Ուսուցչուհի Փերինե Գալստյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ այս պահին նշանակված տնօրենը մարզպետարանի աշխատակցի հետ ցանկանում է դպրոց մտնել, սակայն ուսուցիչները, ծնողները և աշակերտները չեն թողնում. «12-րդ դասարանի աշակերտները բանալին կորցրել են, դրսում հավաքված են աշակերտներն ու ծնողները, ասում են՝ հեռացե՛ք, բայց չեն հեռանում, ոստիկաններն էլ չկարողացան աշակերտներին ու ծնողներին համոզել, մի քանիսը էստեղ փակված են, իսկ նշանակված, բայց չընտրված տնօրենը՝ դրսում կանգնած է»,- պատմեց Գալստյանը:
Ուսուցչուհին նշում է՝ իրենք համառ են և մինչև վերջ պայքարելու են. «Նշանակված տնօրենը ուզում է մտնել դպրոց, արդեն ընդունում-հանձնում անել ու աշխատել, բայց չկա գեթ մեկ հոգի, որ իր կողքին կանգնած լինի, ոստիկանները ջարդում են դուռը, բայց աշակերտները չեն բացում»:
Գալստյանը պատճառաբանում է՝ չեն ուզում՝ Գոհար Սահակյանը պաշտոնավարի, որովհետև մրցույթ չի կայացել և արդար ձևով չի ընտրվել. «Ինչպես կարող է մարդը ո´չ մի ձայն չունենա, ո´չ մի աշակերտ, ո´չ մի ուսուցիչ, համայքի ո´չ մի ներկայացուցիչ չուզի, իսկ ինքը գա ու դառնա տնօրեն»,- ասաց ուսուցչուհին և հավելեց. «Թող ընտրվեր՝ բոլորը, վստահաբար, իրեն կընդունեին, բայց զարտուղի ճանապարհներով ինչպե՞ս կլինի»,- վրդովված ասաց Գալստյանը:
Ուսուցչուհին ինքն էլ հաստատ որևէ տեղեկություն չունի, բայց լուրեր են պտտվում, որ տնօրենը բարեկամական կապեր ունի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ. «Բոլորը զարմանում են, ասում են՝ միգուցե կաշառք է տվել, մենք անձամբ չգիտենք, բայց որ մի բան կա՝ հաստատ, որովհետև ինչպես կարող է դպրոցին ոչ ծանոթ մարդը միանգամից գա ու դառնա տնօրեն»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի տնօրենի առաջին ընտրությունը տապալվել էր ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների ընտրությանը ներկա չգտնվելու պատճառով։ Այնուհետև հաջորդ ընտրությունը տեղի ունեցավ, որն էլ կրկին տապալվեց, քանի որ այդ անգամ էլ ներկա չեն եղել մարզպետարանի և համայնքի ներկայացուցիչը։ Երկու տապալված ընտրություններից հետո մարզպետ Գարիկ Սարգսյանը դպրոցի տնօրեն նշանակեց Գոհար Սահակյանին:
Արփինե Հակոբյան