Վրաստանի կառավարությունը 200 լարի օգնություն կհատկացնի մինչև 17 տարեկան երեխաներին
ГрузияՎրաստանի կառավարությունը միանվագ 200-ական լարի (66 դոլար) կհատկացնի երկրում մինչև 17 տարեկան բոլոր երեխաներին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում: Նրա խոսքով՝ երեխաներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ուսումնական տարվա սկզբին: «Տնտեսական ճգնաժամի ընթացքում մեր քաղաքացի մինչև 17 տարեկան բոլոր երեխաները պետությունից կստանան միանվագ օգնություն 200 լարիի չափով, և դա կլինի ճգնաժամի ընթացքում երեխաների սոցիալական աջակցության ամենակարևոր տեսակներից մեկը», - ասել է Գախարիան։ Նա նշել է, որ նպաստը կտրամադրվի բոլորին՝ անկախ ընտանիքում երեխաների քանակից: Միևնույն ժամանակ, հարուստ ընտանիքները կարող են հրաժարվել օգնությունից: Ըստ նրա, եթե համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը շարունակվի, սոցիալական օգնությունը կարող է շարունակվել: