«Ամուլսարի ակցիայի» մասնակիցների հետ բերման են ենթարկվել նաև այնտեղ պատահական հայտնված քաղաքացիներ
ՀասարակությունԵրեկ Կառավարության դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ բերման են ենթարկվել նաև պատահական այնտեղ հայտնված մարդիկ, ինչպես նաև իրավապաշտպաններ, որոնք տեղում էին՝ ակցիայի մասնակիցների շահերի պաշտպանության համար։ Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Կառավարության մոտից երեկ քաղաքացիներ են բերվել ոստիկանություն, որոնց պարզաբանվել են ոստիկանություն բերվելու պատճառները»,- ասաց Ջանոյանը:
Վերջինս նշեց, որ բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու մասին:
Նշենք, որ Ամուլսարում բողոքի ակցիան այսօր ևս շարունակվում է, մասնակիցների նպատակն է՝ Ամուլսարը մնա սար և չշահագործվի: Տեղում են մեծաքանակ ոստիկանական ուժեր: Արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են Ամուլսարի շահագործման դեմ ցույցերն ու ակցիաները Վայոց Ձորում, ինչպես նաև Կառավարության դիմաց:
Արփինե Հակոբյան