Հայաստանից դուրս ապրող թոշակառուները խնդրի առաջ են կանգնել. թոշակը չեն կարողանում ստանալ
SocietyՀայաստանից դուրս գտնվող թոշակառուները, տարին մեկ անգամ պետք է գան Հայաստան՝ ներկայանալու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում, որպեսզի կարողանան շարունակել իրենց թոշակի անկանխիկ ստացումը:
Այսօր ԼՈՒՐԵՐ.com-ին ահազանգել են տարբեր քաղաքացիներ, որոնք, կորոնավիրուսով պայմանավորված, սահմանների փակ լինելու պատճառով, չեն կարողացել գալ Հայաստան և մնացել են առանց թոշակի: Քաղաքացիներից մեկը՝ Վ. Գրիգորյանը, որը գտնվում է Մոսկվայի Վորոնովո գյուղի ինֆեկցիոն հիվանդանոցում, նշեց, որ արդեն 2 ամիս է՝ հիվանդանոցում է և մնացել է առանց թոշակի. « Իմ 1 տարին հուլիս ամսին արդեն լրացել ա, բայց սահմանները, քանի որ փակ են, չեմ կարողանում գալ Հայաստան: Հիմա չգիտեմ, թե ինչ եմ անելու առանց փող ստեղ՝ հիվանդանոցում, ում զանգում եմ, ինձ պատասխան չեն տալիս, ի՞նչ ա լինելու իմ վիճակը: Ստեղ մենակ ես չեմ էդ վիճակում, մենակ տենաք, թե ինչ սոված են ստեղ մարդիկ. խնդրու´մ եմ, օգնեք էս հարցին լուծում տրվի»,- նշեց թոշակառու Վ. Գրիգորյանը:
Մենք կապ հաստատեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից Երանուհի Յայլախանյանի հետ՝ պարզելու՝ նման վիճակում գտնվողների համար ներկա պահին որևէ այլընտրանք քննարկվում է, թե՞ ոչ. «Մենք ունենք երկու տարբերակ, առաջին տարբերակը այն է, որ եթե թոշակառուի թոշակի վճարումները շարունակվում են, ապա կարող է իր հարազատներից որևէ մեկին նոտարով հաստատված լիազորագիր տալ, և այդ լիազորագրով ստանալ թոշակը, իսկ մյուս տարբերակը, եթե կստացվի նրա Հայաստան գալը, կարող է ստանալ իր 12 ամիսների թոշակը: Այլ տարբերակ չունենք: Սա սահմանված է օրենքով»,- եզրափակեց Երանուհի Յայլախանյանը:
Զվարթ Պետրոսյան