ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Միքայել Ադամյանը
Գիտություն և ՄշակույթՄխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը, իսկ խորհրդի քարտուղար՝ Անի Ռափյանը:
Նշենք, որ ինչպես արձանագրեց ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, այլ թեկնածություններ չեն չառաջադրվել: Այնուհետև, երբ միակ թեկնածուն Ադամյանն էր, հարց ուղղեց Ադամյանին՝ վերջինս համաձա՞յն է առաջադրմանը:
Միքայել Ադամյանն էլ վստահության համար երախտագիտություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ ինքնաբացարկի հիմքեր չի տեսնում և իր համար մեծ պատիվ է այդ պաշտոնում առաջադրվելը․ «Ընտրվելու դեպքում խորհրդի անդամներից ակնկալելու եմ համատեղ աշխատանք՝ ի նպաստ ԵՊԲՀ-ի: Կարևորում եմ արտերկրում վերապատրաստումները, համագործակցության պայմանագրերի կնքումը, համալսարանական հիվանդանոցների հզորացումը»,-նշեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուն՝ սեղմ ներկայացնելով իր ապագա աշխատանքի տեսլականը:
Նրա ելույթից հետո ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ազդարարեց բաց քվեարկություն՝ քիչ անց արձանագրելով, որ Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: