Պատգամավորները գաղտնի քվեարկությամբ կարտահայտեն իրենց դիրքորոշումը. Մակունցը՝ ՍԴ դատավորի կայանալիք ընտրության մասին
PoliticalԳիտեք, որ խմբակցությունը բոլոր թեկնածուների հետ, անկախ, թե որ կառույցի համար է թեկնածություն ներկայացվում, նախապես հանդիպում է, և պարոն Խունդկարյանը, իհարկե, բացառություն չէր: Խմբակցության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել հանդիպմանը, գրեթե, կեսը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպում-քննարկումից հետո:
«Պատգամավորները ուղղել են բոլոր այն հարցերը, որոնք իրենց հուզում էին, նաև հանրության շրջանում շրջանառվող որոշակի շեշտադրումներ, որոնք մամուլում արծարծվել են, նույնպես ուղղվել են պարոն Խունդկարյանին»,- նշեց պատգամավորը:
Մակունցը անդրադարձավ նաև ՍԴ դատավորի արդեն նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպմանը. «Հանդիպումը անցել է այն մթնոլորտում, ինչպես, սովորաբար, մյուս թեկնածուների հետ է անցնում, այսինքն՝ հնչում են տարբեր հարցեր, այդ թվում՝ նաև սուր հարցեր, որոնք և հնչել են: Հավանաբար դա էր պատճառը, որ պատգամավորների առանձին հարցադրումներից պարոն Ավետիսյանի մոտ կար այդպիսի տպավորություն: Ինչ վերաբերում է կառավարության թեկնածուներին, ասեմ, որ այս պահի դրությամբ «Իմ քայլը» խմբակցությունը չունի որևէ տեղեկատվություն՝ արդյոք կառավարությունն ունի նախընտրած թեկնածու, թե՞ ոչ, երբ ունենա, կարծում եմ՝ բոլորս տեղյակ կլինենք»:
«Թեկնածուն կայացրել է իր որոշումը, և մենք հարգում ենք իր որոշումը, մաղթում ենք մասնագիտական գործունեությունում հաջողություններ: Ինչ վերաբերում է պարոն Խունդկարյանին և պարոն Ավետիսյանին առաջադրվող հարցերին, այնուամենայնիվ, այդ հարցերը որոշ չափով տարբերվում են»,- նկատեց Մակունցը:
Պատգամավորը նշեց՝ իրենք փակ, գաղտնի քվեարկությամբ կարտահայտեն իրենց դիրքորոշումը:
Լիլիթ Մակունցը, խոսելով «Իմ քայլը» խմբակցության անունից, նշեց, որ իրենք հավատարիմ են մնում իրենց հանձնառությանը, այն է՝ ուզում են ունենալ անկաշկանդ, անաչառ և պրոֆոսիոնալ դատական համակարգ. «ՍԴ-ի հետ կապված ամբողջ գործըթացների ընթացքում մեր այն ելույթները, որոնք հնչել են և, թե ինչպիսի մոտեցում ունենք ՍԴ ապագա դատավորների հետ կապված՝ զերծ որևէ քաղաքական ազդեցությունից. հենց այդ սկզբունքով և մոտեցումներով ենք առաջնորդվում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: