Դպրոցի ուսուցչուհիների ամուսինները դեմ են, որ տնօրենը տղամարդ լինի. համայնքապետն այլ խնդիր է տեսնում
ՀասարակությունԱրդեն քանի օր է, ինչ չեն դադարում խոսակցությունները Փոքր Վեդու երաժշտական դպրոցի նորանշանակ տնօրենի անվան շուրջ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դպրոցում աշխատող կանանց ամուսինները դեմ են, որ իրենց կանայք աշխատեն արական սեռի տնօրենի հետ։
Տեղեկության իսկությունը պարզելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Փոքր Վեդու համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց լուրի իսկությունը․ «Ընդդիմադիր են ընդամենը 4 հոգի, իսկ արվեստի դպրոցի անձնակազմը 19 հոգուց է բաղկացած․ այդ 4 հոգին, ինչպե՞ս կարող է այդքան մարդու փոխարեն որոշումներ կայացնել»,-պարզաբանեց համայնքապետը։
Մեր այն հարցին, թե արդյոք այդ կանայք չեն ցանկանում աշխատանքից դուրս գալ, համայնքապետը պատասխանեց․ «Նման բան չի էլ քննարկվել, նրանք աշխատանքից դուրս գալու առաջարկ չեն ներկայացրել։ Երևի այդ 4 հոգուն պետք չէ, որ գիտակից մարդու հետ աշխատեն։ Ի՞նչ է նշանակում՝ չեն ուզում համագործակցել տղամարդ տնօրենի հետ, ի՞նչ է ամբողջ օրը պետք է տնօրենի աշխատասենյակում լինե՞ն, այդ դեպքում իրենց աշխատանքը ո՞վ պետք է կատարի։ Շատ-շատ ամիսը մեկ անգամ ժողով լինի ու նոր հանդիպեն տնօրենի հետ։ Մենակ տնօրենը չէ տղամարդ՝ դհոլ խփողը տղամարդ է, նվագակցողը ևս տղամարդ է, իրենք էլ պետք է աշխատանքից դուրս գա՞ն»,- նշեց նա։
Ըստ Նորիկ Մարտիրոսյանի՝ երաժշտական դպրոցի նորանշանակ տնօրենը կրթված և խելացի անձնավորություն է, և մեկ տարի աշխատել է Փոքր Վեդում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ․ «Ես չեմ հասկանում, թե ինչի համար է սենց աղմուկ բարձրացել, այնպես էլ չէ, որ բնակիչները չեն ճանաչում այդ մարդուն։ Երեկ տնօրենը նույնիսկ առաջարկով էր հանդես եկել, այն էր՝ ստեղծել հանձնաժողով, ինչի ներկայությամբ էլ կքննարկվի ամեն տեսակի գործնական աշխատանք»,- ասաց համայնքապետը։
Նա այն կարծիքին է, որ այդ բոլոր գործողությունները ուղղված են իրեն․ «Ավագանու անդամները անցել են այդ 4 տղամարդկանց կողմը և դավադրություն են կազմակերպում իմ դեմ։ Ավագանու անդամները՝ Մանուկյանը Սևակը, Մանուկյան Գալուստը, Մանուկյան Պարգևը, Մխիթարյան Արմենակը, բոլորն էլ նախկին համայնքապետի եղբոր որդիներն են։ Հիմա նրանք անում են ամեն ինչ, որ զրկեն ինձ համայնքի ղեկավարի լիազորություններից։ Նրանք խափանում են իմ մշակած բոլոր ծրագրերը․ չեն ուզում, որ ես համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնեմ, երևի ինձ չի կարելի»,- եզրափակեց Նորիկ Մարտիրոսնյաը։
Զվարթ Պետրոսյան