Համացանցում ակտիվորեն քննարկվում է կառավարության այն որոշումը, որով անուն, ազգանվան փոփոխությամբ փոխվում են կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուները: Խախտված ընթացակարգով որոշման փոփոխությունը զվարճացրել է իրավաբաններին, անգամ խոսվեց, որ «եթե Շաթիրյանը արժանապատվության զգագում ունի՝ սրանից հետո պետք է հրաժարվի առաջադրումից»:
ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ հարցի շուրջ աղմուկ բարձրացնելը տեղին չի համարում։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ անձի անուն ազգանունը վերաբերելի դարձնելը իրավաբանական տկարամտություն է. «Վստահ եմ՝ եթե վարչապետի աշխատակազմը կամ Արդարադատության նախարարությունը արձագանքելու լիներ, նրանք, վստահաբար, քառակուսի կմեկնաբանեին նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը և կասեին, որ իրավական ակտերում փոփոխություններ պետք է կատարել` թվերը այլ թվերով, բառերը այլ բառերով: Այս պարագայում, նորմի անտրամաբանական մեկնաբանություն է, որովհետև, երբ դու առաջարկում ես թեկնածու, դու պարտավոր ես ընդունել կառավարության նոր որոշում: Անձի անուն, ազգանունը որևէ կերպ բառերի տրամաբանության մեջ չի մտնում և երբ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը փոփոխություններ կատարելու նման ձևակերպում է տալիս՝ բառերը այլ բառերով փոխարինելու, անձի անուն, ազգանունը վերաբերելի դարձնելը, առնվազն, իրավաբանական տկարամտություն է»,- ասաց Հայրապետյանը:
Իրավաբանը ընդգծում է՝ այս պարագայում առկա են երկու տարբեր գործընթացներ. «Մեկ անգամ գործընթաց են կատարել՝ Վահրամ Ավետիսյանին կառավարության կողմից առաջադրվող ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու, և երբ նա այդ թեկնածությունից հրաժարվեց, սկսվեց նոր գործընթաց՝ արդեն Էդգար Շաթիրյանին որպես կառավարության թեկնածու ներկայացնելու: Եթե այդ նոր գործընթացի շրջանակում նոր իրավական ակտ չեք կայացնում՝ առնվազն ինձ համար տրամաբանությունից զուրկ է դառնում»,- նկատեց նա:
Հայրապետյանը այնքան էլ վստահ չէ՝ արդյո՞ք Էդգար Շաթիրյանը դառնում է կառավարության նոր թեկնածու, որի շուրջ պետք է իրավական այլ գործընթաց սկսել, թե՞ նրան տեղավորում են Վահրամ Ավետիսյանի համար սկսած իրավական գործընթացի մեջ. «Գործընթացի արդյունքում, ըստ էության, ոչ թե կայացրել են նոր իրավական ակտ, այլ Ավետիսյանի վերաբերյալ կայացրած իրավական ակտում կատարել են փոփոխություն»:
Թեմայի առնչությամբ կառավարության կողմից որևէ մեկնաբանություն չի եղել, և իրավաբանը վստահ է՝ չի էլ լինելու. «Այս կառավարության գործունեությունը երկու տարուց ավելի իրավական ոլորտում տրամաբանական գործողությունների շրջանակից այնքան է դուրս եկել, որ ներկա պահին կառավարության գործունեության կամ անգործության վերաբերյալ որևէ դիտարկում չեմ կարող անել»,- եզրափակեց Հայրապետյանը: